Հովիկ Աբրահամյանն արհամարհում է Սերժ Սարգսյանին
Գնահատականները, որ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը կարող էր արժանի տեղ զբաղեցնել Թոմաս Մորի «Ուտոպիա» աշխատության կողքին, ՀՀԿ-ականներն ընդունում են սվիններով ու դրանում տեսնում են միայն չարամտություն: Իրենց առաջնորդի ելույթները կետադրական նշանների ճշտությամբ ցիտող ՀՀԿ-ականներն այնքան են տարված «իրենց չուզողներից» Սերժ Սարգսյանի թեզերը պաշտպանելով, որ չեն նկատում, թե ինչպես են իրենց իսկ շարքերում, ինչպես ժողովուրդը կասեր, «գետնով տալիս Սերժ Սարգսյանի խոսքը»: Խոսենք կոնկրետ օրինակով: Շաբաթ օրը ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթում Սերժ Սարգսյանն ասում էր. «Հայոց պետականություն նշանակում է՝ ազատ և ինքնավստահ քաղաքացի:
Հայ մարդու նվաստացումը, իրավազրկումը և հարստահարումը, որ նախկինում սովորական, կենցաղային օրինաչափություն էր տարբեր վարչակարգերի օրոք, չի կարող շարունակվել անկախ Հայաստանում: Քաղաքացին պետք է իրեն ապահով և ինքնավստահ զգա թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում, թե՛ ոստիկանատանը, թե՛ դատարանում: Հայաստանի քաղաքացու հետ պետք է «Դուք»-ով խոսել: Ասվածը պետք է հասկանալ և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստով: Որևէ քաղաքական ուժի, առավել ևս՝ կառավարող կուսակցության պարտականությունն է՝ նպաստել նոր հայի ձևավորմանը»:
Ս. Սարգսյանի այս իմպերատիվ ելույթից հետո թվում էր, թե ՀՀԿ-ականները` «շեֆի խոսքից չանցնելու համար», այսուհետ սկսելու են «Դուք»-ով խոսել անգամ իրենց վարորդների ու թիկնապահների հետ: Բայց դա սխալ տպավորություն էր, ինչը հաստատվել է Ազգային ժողովի այսօրվա նիստում: Հարկային փաթեթի քննարկումների
ժամանակ երկխոսություն է տեղի ունեցել այդ օրինագծի զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի և խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի միջև: Թե ինչի շուրջ՝ կարևոր չէ: Ֆինանսների փոխնախարարը փորձել է հիմնավորել իրենց գերատեսչության տեսակետը, ինչին մեկ-երկու անգամ հակադրվելուց հետո՝ Հ. Աբրահամյանը պատասխանել է. «Դա քո կարծիքն է, քո կարծիքը մեր համար պարտադիր չի»:
Այսպիսով, կամ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ՀՀ քաղաքացի չէ, ինչը կլիներ օրենքի խախտում, քանի որ օտարերկրյա քաղաքացիները նման բարձր պաշտոն չեն կարող զբաղեցնել, կամ Հովիկ Աբրահամյանն ուղղակի հաշվի չի առնում Ս. Սարգսյանի հորդորները, որոնք կուսակցականների պարագայում ցուցումների նշանակություն ունեն: Մյուս վարկածն էլ այն է, որ Հովիկ Աբրահամյանը գիտի` Սերժ Սարգսյանը դա ասել է՝ ասելու համար, և պետք չէ դրան լուրջ վերաբերվել:
Գուցե նաև Հ. Աբրահամյանը հիշել է, թե կառավարության հայտնի խորհրդակցության ժամանակ ինչպես էր Ս. Սարգսյանը վարչապետի ու Առողջապահության նախարարի հետ խոսում «Տիգրան» և «Դերո» դիմելաձևերով` բնականաբար, առանց «Դուք»-ի:
Բայց վերադառնալով Ս. Սարգսյանի համագումարյան ելույթի ու Ազգային ժողովի այսօրվա միջադեպի միջև կապին, պետք է արձանագրենք, որ ՀՀԿ նախագահի ծրագրային թեզերն արդեն իսկ իրականություն են դարձել: Հայաստանում վաղուց ձևավորվել է «նոր հայերի» խավ, որի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն էլ Հովիկ Աբրահամյանն է: