Մասնատման ուղերձներ և ելք՝ դեպի Սև ծով
Միացյալ Նահանգների ազգային հետազոտության խորհրդի հրապարակած առաջիկա քսան տարվա կանխատեսումները բովանդակող զեկուցումը հայկական կողմի համար առանձնանում է՛ Թուրքիայի մասնատման վերաբերյալ կատարվող վերլուծությամբ և եզրակացությամբ: Նշելու համար, թե առնչված ի՛նչ այլ կետեր է բովանդակում զեկույցը, արագ ակնարկով պետք է արձանագրել քրդական գործոնի գերաշխուժացումը, Քրդստանի ստեղծումը և թուրքական պետության ազդեցության աճը` միջազգային հարցերի վրա:
Բնական է, որ իրատեսական պատճառներ չկան խանդավառությամբ ընկալելու համար նման զեկուցման Թուրքիային վերաբերող բաժինը:
Մեծ Քրդստանի մտավախությունը ակներև է Անկարայի կատարած յուրաքանչյուր քայլում: Ճիշտ է, որ Թուրքիան կազմող ազգաբնակչությունները այսօր բացահայտորեն այլևս ունեն ինքնության խնդիր: Քրդերից սկսած, անցնելով դեպի ալավիները, ասորիները, հայերը, հույները, զազաներն ու ղըզըլպաշները (հիշելու համար հիմնականները) իրենց արտահայտություններով, շարժումներով, իրավունքների պահանջներով հետզհետե սկսել են հստակ տարբերություն ցույց տալ Թուրքիայի քաղաքացիների և ազգությամբ թուրքերի միջև: Ինքնության խնդիրն ու մանավանդ խտրականությունն ու իրավազրկումը մասնատման ուղղությամբ մնայուն պայթունավտանգ ենթահող պատրաստ վիճակում պահելու են ծառայում: Թեև խնդիրները տարբեր են, իրավազրկման տարողությունները` ևս, այսուհանդերձ քեմալական աշխարհիկության, իշխանության կրոնականության, և զինվորականության իրողականության իրար հակասող երևույթների միջև Թուրքիան իրոք կարող է մասնատման վտանգ դիմագրավել:
Դիպաշարին հետևողը կհամոզվի ու կվերահամոզվի, որ Թուրքիայի դիմակայած համար մեկ խնդիրը այսօր քրդական հարցն է: Սիրիայի իրադարձությունների նկատմամբ Անկարայի մոտեցումները, պահանջները, հայտարարություններն ու կատարած զինվորաքաղաքական քայլերը հիմնականում ուղղակի, թե անուղղակի առնչվում են քրդական վտանգը հնարավորության սահմաններում հեռացնելու քաղաքականությանը: Սահմանների տարածքում զինվորական ուժի կուտակումը, հրթիռների տեղակայումը և մանավանդ անվտանգության գոտի ձևավորելու հետևողական քայլերը Դամասկոսի դեմ պատերազմելուց ավելի Իրաքի, Թուրքիայի և Սիրիայի քրդերի միացումով մեծ Քրդստանի ծրագրի տապալման միտում ունեն:
Հայտնաբար Թուրքիայի տարածքում ապրող ալավի ազգաբնակչությունը պահպանում է իր կրավորականությունը, մերժելով վերածվել քաղաքական գործոնի: Դամասկոսին փաստորեն չի հաջողվում ալավի զանգվածը Տրովադայիի ձիու վերածել: Մինչդեռ, Անկարան նման շահարկումներ է կատարում սունի զանգվածների և հիմա էլ Սիրիայի տարածքում ապրող թուրքմեն ազգաբնակչության նկատմամբ (նկատի ունենալ` նախագահ Գյուլի հայտարարությունը Սիրիայում ապրող թուրքմենների դերակատարության մասին): Թուրքիայի Հանրապետության օրվա առիթով կազմակերպված բողոքի գործողություններին ալավի համայնքի որոշ շրջանակներ կրավորականությունից դուրս գալու առայժմ շարունակություն չունեցած փորձ կատարեցին. դրանք արժանացան իշխանությունների բիրտ հակազդեցությանը:
Վերադառնանք զեկուցման բովանդակությանը, այնտեղ տեսնելու համար դիտարժան երկու հանգամանք: Զեկուցումը, եթե որևէ վերլուծական կենտրոնի ստորագրությունը կրեր պիտի փորձեինք տեսնել նրա հետևում կանգնած քաղաքական ուժ կամ ինչ որ պետության ձեռագիր՝ համապատասխան եզրակացություն կատարելու համար: Այս դեպքում, ուղղակի Միացյալ Նահանգների ազգային հետազոտության կենտրոնի պաշտոնական զեկուցման մասին է խոսքը, ինչը որ ցուցանշային որոշ իմաստ ունի:
Երկրորդ, այս զեկույցի հրապարակմամբ Վաշինգտոնը հստակ ուղերձ է փոխանցում Անկարային: Նման կանխատեսումներ, վերլուծումներ, մանավանդ պատկան համապատասխան ծառայությունների կողմից ունենում են կա՛մ փակ ու խորհրդապահական կամ էլ բաց ու հրապարակային բնույթ: Երկրորդ տարբերակները ունենում են քարոզչական բնույթ և ուղերձ ու պատգամ փոխանցող միտում:
Միացյալ Նահանգները պաշտոնապես առաջին անգամ չէ, որ Թուրքիայի մասնատման մասին ուղերձներ է փոխանցում: Թուրքիայի մասնատման հնարավորության մասին որևէ հրապարկման ընթացքում, հայկական կողմը պետք է մտաբերի հայերին սևծովյան ելք խոստացող Վաշինգտոնի ներկայացուցչի կատարած վերհիշեցումը, որը մինչ այժմ չի հերքվել:
Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր