Որտե՞ղ է Գագիկ Ծառուկյանը

Արդեն ուղիղ մեկ շաբաթ Հայաստանի քաղաքական կյանքից բացակայում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  նախագահ Գագիկ Ծառուկյանը` բառի ուղիղ և փոխաբերական իմաստով: Դեկտեմբերի 12-ին «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրում նախագահական ընտրություններում և չի աջակցում որևէ այլ թեկնածուի: Եվ վերջ: Ինչպես շաբաթ օրն իր ելույթում արտասանեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, իհարկե, միանգամայն այլ վերջ նկատի ուներ, բայց իրականությունը ցույց տվեց, որ տողատակում Ս. Սարգսյանի ասած վերջը, թերևս, առաջին հերթին՝ վերաբերում էր ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին: Այլ կերպ դժվար է գնահատել այդ ուժի  և նրա ղեկավարի դերակատարության զրոյացումը քաղաքական գործընթացներում:

Այո, ԲՀԿ-ն հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրում, բայց մի՞թե դա պետք է նշանակեր, որ նա դադարեցնում է գործունեությունը քաղաքական դաշտում, ինչը փաստացի տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ից հետո: Դրան հետևեցին մի շարք կարևոր քաղաքական իրադարձություններ` իշխող կուսակցությունը համագումար հրավիրեց, նրա թեկնածու և գործող նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով, որպես ձեռքբերում ներկայացրեց ԲՀԿ-ի կողմից քննադատվող կառավարության գործունեությունը:

Այդ նույն ընթացքում հրապարակվեց ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի գաղտնալսված առանձնազրույցը: ԲՀԿ-ն` Հայաստանի խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող ուժը, կրկին լռեց` սահմանափակվելով «առանց մեկնաբանության» ծեծված արտահայտությամբ: Այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ ԲՀԿ-ականները չէին իջնում հեռուստաէկրաններից ու մամուլի էջերից:

Հիմա նման քաղաքական ուժ գործնականում այլևս չկա, և դրա ընդամենը մի քանի ներկայացուցիչներ իներցիայով հիշեցնում են իրենց գոյության մասին խորհրդարանում կամ նրանից դուրս: Ըստ ամենայնի, մոտ ապագայում նաև այդ գործիչները կհայտարարեն, որ «ներքաղաքական հարցերն իրենց քիչ են հետաքրքրում», ու կմեկնեն արտերկրյա կրուիզների: Ինչպես իրենց անփոխարինելի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս