
«Աշխարհն էապես փոխվել է… ամեն ինչ ձայնագրվում է, ամեն ինչ գրանցվում է»

«Այդ մասին տեղյակ չեմ, և առանձնապես ինձ չի էլ հետաքրքրում»,- 168.am-ի հետ զրույցում ի պատասխան հարցին` ի՞նչ կարծիք ունեք Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան հայտնի զրույցի գաղտնալսման և հրապարակման մասին, ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Հայաստանն ունի բազմաթիվ այլ խնդիրներ, բայց երկու քաղաքական գործիչ իրար հետ խոսե՞լ են, ձայնագրե՞լ են, թե՞ չեն ձայնագրել, ի՞նչ են ասել, ինձ բացարձակապես չի հետաքրքրում»,- ասաց նա:
Մենք նաև հետաքրքրվեցինք` արդյոք պարոն Մանուկյանը նման նախադեպ հիշո՞ւմ է 90-ական թվականներից՝ ՀՀՇ-ի իշխանավարման տարիներից, մասնավորապես, երբ ԱԺՄ-ն ընդդիմություն էր:
«Ես հիմա չեմ ուզում համեմատություններ անել, քանի որ այժմ աշխարհն էապես փոխվել է. ամբողջ աշխարհում բոլորն ունեն այդ հեռախոսները, ամեն ինչ ձայնագրվում է, ամեն ինչ գրանցվում է: Աշխարհը դարձել է այդպիսին, և մենք պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ ապրում ենք այդպիսի աշխարհում»,- պատասխանեց Վազգեն Մանուկյանը: