Ապահով երկրի պաշտպանված օրիորդը

Անցած երկու օրերին գրեթե վերջնականապես բացահայտվեց Հայաստանի քաղաքական դաշտի դեգրադացվածությունն ու այլասերվածությունը:

Կիրակի օրը հրապարակվեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի և նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գաղտնալսված առանձնազրույցի ձայնագրությունը, որը հերթական անգամ ի ցույց դրեց, թե ինչի՞ է պատրաստ իրեն ընդդիմադիր ու ժողովրդավարական համարող ուժը` հանուն ճղճիմ նպատակների: Նույնքան ճղճիմ, որքան մարդկանց խոսակցությունը գաղտնալսելու փաստն ու դրա հրապարակումը:

Բայց իշխանությունն իր էությունը ցույց տվեց ոչ միայն այս ձայնագրության հրապարակմամբ (եթե, իհարկե, ձայնագրությունն արվել և հրապարակվել էր ԱԱԾ-ի կողմից, ինչը վերջինս, բնականաբար, հերքեց), ու այդ առիթով ՀՀԿ-ականների անթաքույց հրճվանքով:

Ընդդիմության դեմքը բացահայտելուց հետո, իշխանությունն, ըստ ամենայնի, մտածեց, որ այլևս ավելորդ ձևականությունների կարիք չկա, և որոշեց ընդդիմադիրներին զրկել միակ ֆորմալ ձևաչափում` ԱԺ Էթիկայի հանձնաժողովում ունեցած մեծամասնությունից: Այսօր հապճեպ խորհրդարան ներկայացվեց ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հեղինակել են բազմափորձ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ու տակավին երիտասարդ հանրապետական պատգամավորուհի Արփինե Հովհաննիսյանը: Իրավիճակի հակասականությունն այն է, սակայն, որ Էթիկայի հանձնաժողովում ընդդիմությանը ձայնի իրավունքից զրկելու քայլն իշխանությունն արեց ծայրահեղ հակաէթիկական ճանապարհով:

Մասնավորապես, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը (թերևս, ոգեշնչված լինելով Գագիկ Ծառուկյանի չառաջադրմամբ ու դրա հետևանքով՝ իշխանության կողմից անխուսափելիորեն պատժվելու հեռանկարի չեզոքացմամբ) երեկ օրենսդիր մարմնի նախագահի բարձր ամբիոնից իրեն պահում էր խորհրդարանի խոսնակին, մեղմ ասած, անհարիր ձևով: Ակնհայտորեն ոչ քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ նա այնպես էր պաշտպանում նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանին, որ ուղղակի ամոթալի կարելի է համարել պաշտոնյայի համար:

Դաշնակցական պատգամավորների` բացառապես քաղաքական քննադատությունից  նորաթուխ ՀՀԿ-ական Արփինե Հավհաննիսյանին պաշտպանելու համար ԱԺ նախագահը` խախտելով, թերևս, ոչ միայն խորհրդարանական էթիկետը, հայտարարեց. «Օրիորդի հետ են խոսում, մի քիչ կոռեկտ թող լինեն…»:  Նշենք, որ խոսքը մի օրիորդի մասին է, ով, ըստ ԱԺ-ում ամենօրյա քննարկման առարկա դարձած խոսակցությունների՝ ավելի շատ ժամանակ է անցկացնում ոչ թե իր՝ պատգամավորի աշխատասենյակում, այլ Հովիկ Աբրահամյանի ընդունարանում, ում թեթև ձեռքով հայտնվել է ՀՀԿ-ի ցուցակում:

Որևէ մեկի անձնական կյանքը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով: Սակայն, մեղմ ասած, հակաէթիկական է, երբ այդ անձնական կյանքի իրավունքն իրացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում` ՀՀ քաղաքացիների աչքի առաջ… Սա այն դեպքն է, երբ տեղին է ժողովրդական խոսքը` բոլորը բոլորին արժանի են: Մասնավորապես ընդդիմությունն` իր մարդկային ու բարոյական որակներով, ամբողջովին արժանի է իշխանությանը: Բայց ի՞նչ մեղք ունի քաղաքացին, հասարակությունը, որը ստիպված է հանդուրժել ընդդիմության ստվերային գործարքներն ու իշխանության բացահայտ ապաբարոյականությունը:

Տեսանյութեր

Լրահոս