Նաղդալյանի պատասխանը՝ իրեն գող ու ավազակ անվանողներին

«Կան մարդիկ և լրատվամիջոցներ, որոնց ձեռնտու էր միակողմանի լուսաբանել այդ իրադարձությունը և փորձել պղտոր ջրում ձուկ որսալ, բայց սա թողնում եմ իրենց խղճին, համբերատար սպասում եմ, ինչպես սպասել եմ քննության ավարտին, այնպես էլ կսպասեմ դատաքննության ավարտին, և կարծում եմ, որ բոլոր կետերը կպարզվեն»,- պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք մայրաքաղաքի Գևորգ Չաուշ 14.3 շենքի բնակիչների այն բարձրաձայնումներին, թե շենքը, որը կառուցվել է իրենց համար, անօրինական կերպով Դուք եք տիրացել»՝ ասել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հիշյալ շենքի բնակիչները բողոքի ակցիա էին անցկացրել Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք պահանջում էին, որ Սերժ Սարգսյանն անձամբ ընդունի և լսի իրենց խնդիրը:

Հերմինե Նաղդալյանը, սակայն, պնդում է, որ այդ շենքի բնակարանները ինքը ձեռք է բերել օրինական ճանապարհով: «Բնականաբար լավ հասկանում եմ այդ բնակիչներին և կարող եմ ասել, որ ինչպես և նրանք, այնպես էլ ես դարձել ենք որոշ ավազակների խարդախության զոհը: Բայց ես պնդում եմ, որ իմ գործողությունները բացարձակապես օրինական են, ես գործել եմ ՀՀ օրենքին համապատասխան»,- ասել է Հերմինե Նաղդալյանը:

Սակայն հիշեցնենք, որ նախագահական նստավայրի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հիշյալ շենքի բնակիչները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել էին, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «գող և ավազակ է» և որ անօրինական ձևով տիրացել է այն բնակարաններին, որոնք կառուցված են եղել իրենց համար: Հավելենք, որ բնակիչները սույն հարցը վիճարկել են դատարանում: Ներկայումս ընթանում է դատաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս