Նախաքննական ցուցմունքներ տալու ժամանակ ինձ պետք է եղել շուտ դուրս գալ Քննչական վարչությունից ու լինել Վահեի կողքին. «Հարսնաքարի» գործով տուժող (լուսանկարներ)
Նախաքննական ցուցմունքներ տալու ժամանակ ինձ պետք է եղել շուտ դուրս գալ Քննչական վարչությունից ու լինել Վահեի կողքին. «Հարսնաքարի» գործով տուժող
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Նիստի ընթացքում դատարանը հրապարակեց գործով տուժող Արկադի Աղաջանյանի նախաքննական ցուցմունքները` հաշվի առնելով, որ տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա են հակասություններ:
Դատարանը նախ հրապարակեց մեղադրյալ Գարիկ Մարգարյանի հետ ճանաչման և առերես հարցաքննության արձանագրությունները:
Նախաքննության ընթացքում տուժողը նշել էր, որ ինքը լսել է, թե ինչպես է մատուցող Դավիթ Ադամյանը Վահե Ավետյանին հարցնում`«կայֆավա՞տ» ես լինում: Դատաքննության ընթացքում գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպանի հարցին՝ նման բան լսե՞լ է, թե՞ ոչ, տուժողը պատասխանել էր, որ չի լսել: Դատական նիստի ընթացքում հարցին`ի վերջո նման արտահայտություն հնչե՞լ է, տուժող Արկադի Աղաջանյանը պատասխանեց, որ մանրամասն չի կարող հիշել դեպքը, չի կարող հիշել՝ նման արտահայտություն եղե՞լ է, թե՞ ոչ:
Նշենք, որ գրեթե բոլոր մեղադրյալների հետ առերես հարցաքննության ընթացքում տուժողն ասել է, որ նրանք եղել են իրենց ծեծողների մեջ, սակայն այժմ հայտնում է, որ ամբաստանյալներից որևէ մեկն իրեն չի հարվածել:
Նախաքննության ընթացքում տուժող Արկադի Աղաջանյանը նշել է, որ գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանն իրենց ծեծի ենթարկողների մեջ է եղել, ոտքերով ու ձեռքերով հարվածել է իրեն ու իր ընկերներին: Նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև տարբերությունը տուժողը բացատրեց նրանով, որ ինքն ընդհանուր երևույթն է նկարագրել իր նախաքննական ցուցմունքում:
Արկադի Աղաջանյանը նաև հավելեց, որ նախաքննական ցուցմունքներ տալու ժամանակ իրեն պետք է եղել շուտ դուրս գալ Քննչական վարչությունից ու լինել իր ընկերոջ՝ Վահե Ավետյանի կողքին: Հարցին`արդյոք նախաքննության ընթացքում որևէ մեկն ուղղորդե՞լ է իրեն՝ տալ անձանց անուններ, ովքեր եղել են իրենց հարվածողների մեջ, տուժողը պատասխանեց, որ նման բան չի եղել:
Դատական նիստի ընթացքում հրապարակվեցին մեղադրյալ Նորայր Հայրապետյանի և Արկադի Աղաջանյանի միջև ճանաչման ու առերես հարցաքննության արձանագրությունները: Աղաջանյանը հայտնել է, որ ճանաչում է նրան, նա իր և իր ընկերների հետ կռվողների, ծեծողների մեջ է եղել, նրան ճանաչել է բարձր հասակից, մարմնակազմությունից, դիմագծերից, որոնք տպավորվել են իր մոտ: Առերես հարցաքննության արձանագրության ժամանակ էլ տուժողը հայտնել է, որ մեղադրյալ Հայրապետյանն իրեն և իր ընկերներին հարվածողների մեջ էր, սակայն չի կարող ասել՝ նա իրեն հարվածե՞լ է, թե՞ ոչ: Նորայր Հայրապետյանն էլ ի պատասխան՝ ասել է, որ ինքը ծեծկռտուքին չի մասնակցել, բայց նրանցից մեկին ապտակել է՝ իրեն ծնող հայհոյելու համար:
Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին՝ տուժողն արդյոք որևէ տեղեկություն ունի՞ այն մասին, որ Նորայր Հայրապետյանն ապտակել է տուժողներից մեկին՝ իրեն հայհոյելու համար, տուժողը պատասխանեց՝ ո՛չ:
Մեղադրյալ Արթուր Բաբլոյանի և Արկադի Աղաջանյանի միջև տեղի ունեցած ճանաչման արձանագրությունում նշված է, որ Արկադի Աղաջանյանն ասել է, թե Արթուր Բաբլոյանը ծեծի է ենթարկել իրեն և իր ընկերներին, չի նկատել, թե կոնկրետ ո՞ւմ է հարվածել, բայց եղել է հարվածողների մեջ: Առերես հարցաքննության արձանագրության համաձայն՝ Արկադի Աղաջանյանը հայտնել է, որ Բաբլոյանն, իր ընկերների հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել է իրեն: Բաբլոյանը տուժողին հարցրել է. «Ես կոնկրետ հարվածե՞լ եմ Ձեզ, թե՞ ոչ», իսկ Արկադի Աղաջանյանը պատասխանել է, որ չի հետևել նրա գործողություններին:
Մեղադրյալի պաշտպան Արմեն Խաչատրյանի հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված դատաքննության և նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների հակասությունները, տուժողը պատասխանեց, որ ինքը հակասություն չի տեսնում այդ ցուցմունքների մեջ:
Ըստ առերես հարցաքննության արձանագրության՝ Արկադի Աղաջանյանը հայտնել է, որ մեղադրյալ Արման Խաչատրյանը եղել է իրենց ծեծի ենթարկող անձանց մեջ: Ի պատասխան այս հայտարարության՝ Արման Խաչատրյանը հայտնել է, որ ինքը կռվին չի մասնակցել, որևէ մեկին չի հարվածել: Արկադի Աղաջանյանն էլ նշել է, որ եթե Արման Խաչատրյանը գտնվել է ավտոկայանատեղիում, ապա մասնակցել է կռվին:
Մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանի հարցը՝ արդյոք տուժողի մյուս ցուցմունքներն է՞լ են հիմնված ենթադրությունների վրա, դատարանի կողմից հանվեց: Քանի որ պաշտպանի հնչեցրած մի քանի հարցերին տուժողը չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով, որ ինքը բազմիցս պատասխանել է դրանց, պաշտպանը հանդես եկավ հայտարարությամբ, որ տուժողն, ըստ էության, ցուցմունք չի տալիս:
Նշված հակասությունների հետ կապված մյուս հարցերը տուժողին կուղղվեն հաջորդ դատական նիստի ընթացքում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 19-ին:
Լուսանկարները՝ 168.am-ի