
«Հարսնաքարի» գործով մեղադրյալը նշում է, որ ապտակել է տուժողներից մեկին՝ իրեն հայհոյելու համար

Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ այսօր հրապարակվեց «Հարսնաքարի» գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի և տուժող Արկադի Աղաջնայանի ճանաչման արձանագրությունը:
Ըստ արձանագրության՝ տուժողին ներկայացվել են չորս անձիք, այդ թվում Նորայր Հայրապետյանը: Վերջինս իր ցանկությամբ ձախից երրորդն է կանգնած եղել: Արկադի Աղաջանյանը հայտնել է, որ ճանաչում է ձախից երրորդ կանգնած տղամարդուն, նրան տեսել է դեպքի օրը, նա իր և իր ընկերների հետ կռվողների, ծեծողների մեջ է եղել, նրան ճանաչել է բարձր հասակից, մարմնակազմությունից, դիմագծերից, որոնք տպավորվել են իր մոտ:
Առերես հարցաքննության արձանագրությունում նշված է, թե Աղաջանյանն ասել է, որ Նորայր Հայրապետյանին տեսել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, նրան տեսել է իրեն և իր ընկերներին հարվածողների մեջ, սակայն չի կարող ասել՝ նա իրեն հարվածե՞լ է, թե՞ ոչ: Նորայր Հայրապետյանն էլ ի պատասխան ասել է, որ ոչ մի ծեծկռտուքի չի մասնակցել, սակայն նրանցից մեկին ապտակել է իրեն ծնող հայհոյելու համար:
Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին տուժողը արդյոք որևէ տեղեկություն ունի՞ այն մասին, որ Նորայր Հայրապետյանն ապտակել է տուժողներից մեկին՝ իրեն հայհոյելու համար, տուժողը պատասխանեց՝ ո´չ: