
6-ամյա գյումրեցի աղջնակը այրվող տնակի հրդեհից փրկել է փոքրիկ քույրերին (տեսանյութ)

Հատկապես ձմռան ամիսներին Գյումրու տնակային ավաններում հաճախակի են դառնում հրդեհի դեպքերը: Դեկտեմբերի 14-ին կեսօրին անսպասելի և ուժգին հրդեհ է բռնկվել բազմազավակ գյումրեցի անօթևան Պողոսյանների ընտանիքի տնակում: Դեպքի ժամանակ 6 երեխաների մայրը ավագ որդու հետ խանութում է եղել, իսկ 10 և 9 տարեկան աղջիկները` դպրոցում:
Ընտանիքի երեխաների պատմելով, այդ ժամանակ տնակում իրենից փոքր քույրիկների հետ գտնվող 6-ամյա աղջնակը, նկատելով հրդեհը, արագ-արագ, առանց վերարկուն հագնելու գրկել է մեկուկեսամյա քրոջը, ապա բռնելով 4-ամյա մյուս քրոջ ձեռքը, նրանց դուրս է հանել տնակից: Այնուհետև խանութից վերադարձած մայրն օգնության է կանչել հարևաններին, որոնք էլ զանգահարել են հրշեջներին: Վերջիններս բավական ուշ են ժամանել` մոտ կես ժամ անց, երեւի նաեւ այն պատճառով, որ տնակը գտնվում է քաղաքի ծայրամասերից մեկում, որտեղ մեքենաների համար դժվարանցանելի ճանապարհներ են:
Տնակն ամբողջ գույքի և անգամ փաստաթղթերի հետ միասին այրվել է: Այս անօթևան ընտանիքը հաշվառված չէ պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում, ուստի երբևէ բնակարան ունենալու հույս չունեն: Ներկայումս նրանք գիշերում են հարազատներից մեկի նեղլիկ տնակում:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները օգնություն ցուցաբերելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այսօր այցելեցին Պողոսյանների ընտանիքին:
«Շիրակ» կենտրոն