
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների նոյեմբեր ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների նոյեմբեր ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում:
Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:
Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հստակորեն իրականացնել իրենց պատվիրակված լիազորությունները` նպաստելով աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը:
Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է չբավարարվել ձեռքբերածով` առավել հետևողական աշխատանք տանելով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ և անել հնարավորը` առավելագույն արդյունքներ ապահովելու համար։
Վերջում քաղաքապետը նաև հանձնարարել է մինչև տարեվերջ նախնական ամփոփել վարչական շրջանների կողմից այս տարի կատարած աշխատանքների արդյունքները, որի համաձայն, լավագույն ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների աշխատակազմերը կարժանանան հերթական խրախուսանքին: