«…Յուրաքանչյուր հեռախոսային խոսակցություն կարող է լսվել և մենք ոչինչ չենք կարող անել». Արա Ղազարյան

ՀՀ գլխավոր դատախազությունը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հաղորդում չի ստացել, իսկ ստանալու դեպքում պատշաճ կարգով ընթացք կտրվի: Այս մասին «Pastinfo.am»-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը՝ ի պատասխան այն հարցի, թե դատախազությունը քրեական գործ հարուցելո՞ւ է Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի մասնավոր զրույցը գաղտնալսելու, ձայնագրելու և Youtube-ում տեղադրելու փաստի առթիվ:

ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանն էլ նշել է, որ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի մասնավոր զրույցը սրճարանում գաղտնալսելու և դրա համացանցում հայտնվելու հետ Ազգային անվտանգության ծառայությունը որևէ առնչություն չունի: Բոլոր մեղադրանքները մտացածին են և անհիմն:

Փաստաբան Արա Ղազարյանն էլ իր հերթին կայքի թղթակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ եթե Լևոն Զուրաբյանից և Վարդան Օսկանյանից ոչ մեկը չի ձայնագրել, այդ դեպքում երկուսի անձնական կյանքի իրավունքի շատ լուրջ բնույթի միջամտություն է եղել:

Արդյոք հնարավո՞ր է առանց բողոքի հարուցել քրեական գործ:

«Այսօր Հայաստանում մարդու իրավունքների տեսանկյունից ամենախնդրահարույց հարցերից մեկն այն է, երբ Ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն չհարուցված գործի, վարույթի պայմաններում կարող են օպերատիվ հետախուզական գործունեություն ծավալել պրոֆիլակտիկ նկատառումներով:

Սա Մարդու իրավունքների տեսանկյունից շատ լուրջ խնդիր է, և քանի որ չկա վարույթ, հնարավոր էլ չի ապացուցել, թե այդպիսի միջոցներ կիրառվու՞մ են, թե ոչ:

Դա է պատճառը, որ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով առաջարկվում է այդ գործունեությունը բերել քրեական դատավարության դաշտ, այսինքն՝ հանրային վերահսկողության դաշտ: Եվ քանի դեռ չունենք ԱԱԾ-ի և ոստիկանության կողմից օպերատիվ հետախուզական գործունեությունը քրեական դատավարության դաշտում միայն անելու նման իրավակարգավորում, յուրաքանչյուր հեռախոսային խոսակցություն, ինտրնետ հաղորդագրումները, sms-ները կարող են լսել տվյալ մարմինները, և մենք երբեք այդ մասին չենք կարող իմանալ»,- «Pastinfo.am»-ին ասել է Արա Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս