«Հարսնաքարի» գործով տուժողը հակասություն չի տեսնում իր ցուցմունքներում
«Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում այսօր դատարանը հրապարակեց գործով մեղադրյալ Արկադի Աղաջանյանի նախաքննական ցուցմունքները:
Մեղադրյալ Արթուր Բաբլոյանի և Արկադի Աղաջանյանի միջև տեղի ունեցած ճանաչման արձանագրությունում նշված է, որ Արկադի Աղաջանյանն ասել է, թե Արթուր Բաբլոյանը ծեծի է ենթարկել իրեն և իր ընկերներին, չի նկատել, թե կոնկրոտ ո՞ւմ է հարվածել, բայց եղել է հարվածողների մեջ: Առերես հարցաքննության արձանագրության համաձայն՝ Արկադի Աղաջանյանը հայտնել է, որ Բաբլոյանն իր ընկերների հետ միասին ձեռքերով և ոտքերով հարվածել է իրեն:
Բաբլոյանը տուժողին հարցրել է. «Ես կոնկրետ հարվածե՞լ եմ Ձեզ, թե՞ ոչ», իսկ Արկադի Աղաջանյանը պատասխանել է, որ չի հետևել նրա գործողություններին:
Մեղադրյալի պաշտպան Արմեն Խաչատրյանի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված դատաքննության և նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների հակասությունները, տուժողը պատասխանեց, որ դրանցում ինքը հակասություն չի տեսնում այդ ցուցմունքների մեջ:
Դատական նիստի ընթացքում հրապարավեց նաև մեղադրյալ Արման Խաչատրյանի ճանաչման արձանագրությունը: Արման Խաչատրյանն իր ցանկությամբ կանգնել է ձախից երրորդը: Արկադի Աղաջանյանը հայտնել է, որ ճանաչում է նրան, դեպքի օրը տեսել է նրան, իր և իր ընկերներին ծեծի ենթարկող անձանց մեջ է եղել, սակայն չի հիշում՝ ում է նա հարվածել:
Առերես հարցաքննության արձանագրության մեջ նշված է, որ Արկադի Աղաջանյանը հայտնել է, որ մեղադրյալ Արման Խաչատրյանին տեսել է ռեստորանային համալիրում: Մեղադրյալ Արման Խաչատրյանը եղել է ծեծի ենթարկող անձանց մեջ: Ի պատասխան այս հայտարարության՝ Արման խաչատրյանը հայտնել է, որ ինքը կռվին չի մասնակցել, որևէ մեկին չի հարվածել: Արկադի Աղաջանյանն էլ նշել է, որ եթե Արման Խաչատրյանը գտնվել է ավտոկայանատեղիում, ապա մասնակցել է կռվին:
Մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանի հարցը՝ արդյոք տուժողի մյուս ցուցմունքնե՞րն էլ են հիմնված ենթադրությունների վրա՝ դատարանի կողմից հանվեց: