ԱԺ-ն օրենքներ է ընդունել
Հայաստանի Ազգային Ժողովի արտահերթ նիստում այսօր՝ դեկտեմբերի 17-ին քվեարկության դրվեցին մի շարք տնտեսական օրենքներ:
Ինչպես նշում է news.am-ը, 93 կողմ, 1 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ընդունվեց «Հարկային և պարտադիր սոցիալական վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրինագիծը;
Քվեարկության դրվեց նաև «Շրջանառության հարկի մասին» և կից օրենքների փաթեթը: Այս անգամ այն ստացավ 67 կողմ ձայն (15 դեմ և 22 ձեռնպահ); ԲՀԿ խմբակցության անունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկելու, քանի որ պատգամավորներին բաժանած նախագծում բացակայում են այն առաջարկությունները, որոնք ՀՀ կառավարությունն ընդունել էր խորհրդարանական քննարկումների ընթացքում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ եթե այդ առաջարկությունները հաշվի չառնեն, ապա երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ ԱԺ-ն կարտահայտի իր վերաբերմունքը: Ի դեմ՝ նույնատիպ հարցեր առաջացան նաև այլ նախագծերի ժամանակ՝ կառավարությունը ինչ-ինչ պատճառներով չի հասցրել խմբագրել նախագծերը:
Աժ-ն նաև ընդունեց հետևյալ նախագծերը. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, 5. «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Դրամարկղային գործառույթների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Ընդերքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին: