Բաժիններ՝

Տնային տնտեսությունների 12 %-ը պատրաստ է հիփոթեքային վարկ վերցնել

Ամերիա-ի կողմից իրականացված Հայաստանում բանկային ֆինանսավորման, էներգաարդյունավետության և միկրոֆինանսավորման ոլորտի հետազոտության համաձայն, ՀՀ տնային տնտեսությունների 12 տոկոսը պատրաստ է առաջիկա երեք տարիների ընթացքում հիփոթեքային վարկ վերցնել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասվել է Ազգային հիփոթեքային ընկերության և Ֆրանսիական զարգացման գործակալության` Հայաստանում միջին և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների բնակարանային բարելավման և էներգաարդյունավետության բարձրացման վարկերի մատչելիությանն ուղված ծրագրի շրջանակներում կազմակերպած հանդիպում-քննարկման ժամանակ:

Ֆրանսիական Զարգացման գործակալության կողմից  ֆինանսավորված հետազոտության նպատակը  ՀՀ բնակչության, հատկապես` միջին և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների բնակարանային պայմանների ներկա վիճակը, պայմանների բարելավման և էներգաարդյունավետության բարձրացման պահանջարկը բացահայտելն  ու շուկայի պահանջարկի գնահատումն է: Որպես տնային տնտեսությունների նպատակային խումբ` ընտրվել է մեկ շնչի հաշվով ամսական 50-120 հազար դրամ եկամուտ ունեցող ընտանիքները:  Հարցումն իրականացվել է ՀՀ 10 ամենաբնակեցված քաղաքներում, 1020 տնային տնտեսություններում:

«Մեր համոզմամբ, հիփոթեքային վարկավորման մակարդակը Հայաստանում բավական ցածր է: Կա մեծ պահանջարկ ոչ միայն բնակարաններ ձեռք բերելու, այլև դրանք վերանորոգելու համար»,- ասել է «Ամերիա» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նա նշել է, որ հետազոտության արդյունքների համաձայն, հիփոթեքային վարկերի նկատմամբ ընդհանուր պահանջարկը կազմում է շուրջ $ 350 մլն:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կարևորել է հիփոթեկային վարկերի դերը բնակչության բնակարանային պայմանները բարելավելու գործում. «Համոզված եմ, որ 2013-ին մեկնարկող ծրագիրը երկարատև համագործակցության հիմք կստեղծի և չի չսահմանափակվի միայն հիփոթեքային ոլորտով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս