Զեյնալյանը բոյկոտում է ձայնագրությունը
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը առայժմ կոռեկտ չի համարում մեկնաբանել համացանցում հայտնված ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գաղտնի ձայնագրված զրույցը:
«Ես ուղղակի բոյկոտում եմ և չեմ լսում նման ձայնագրությունները: Չեմ պատրաստվում մեկնաբանել դա: Կարծում եմ՝ իրենց անհամաձայնությունը պետք է հայտնեն նաև զրույցի մասնակիցները, որ իրենց այդ իրավունքին ոչ իրավաչափ միջամտություն է կատարվել, միջոցներ ձեռնարկեն, որպեսզի պատասխանատվության կանչվեն նրանք ովքեր կատարել են այդ միջամտությունը: Այլապես, նշանակում է, որ իրենք են տարածել այդ տեղեկատվությունը: Միայն դրանից հետո կարելի է քննարկման առարկա դարձնել դրա բովանդակությունը»,- 168.am-ին ասաց Արտակ Զեյնալյանը:
Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե ձայնագրության մեջ խոսվում է նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մասին, մասնավորապես նա դիտարկվում է իբրև Կոնգրեսին խոչընդոտող անձ, Արտակ Զեյնալյանը նշեց, թե իրենց վերաբերմունքը գաղտնի ձայնագրությունների հրապարակայնացման վերաբերյալ չի փոխվում: