
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` Լ. Զուրաբյանի և Վ. Օսկանյանի զրույցի մասին

ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի խոսակցության՝ համացանցում հայտնված ձայնագրության կապակցությամբ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել.
ա) Խստորեն դատապարտում եմ երկու պատգամավորների խոսակցության ապօրինի ձայնագրումը եւ տեղադրումը youtub-ում, որը խորհրդային ԿԳԲ-ի գործելակերպի արատավոր դրսեւորում է, ինչը չպետք է տեղ ունենա մեր իրականության մեջ:
բ) ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 146 հոդվածի հատկանիշներով՝ ձայնագրությունը իրականացրած եւ youtub-ում տեղադրած անձանց բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
գ) Մենք՝ Հայ ազգային կոնգրեսի, ընդդիմության ներկայացուցիչներս ընթացիկ ցավոտ հարցերը քննարկելիս պետք է պահպանենք զսպվածություն, տուրք չտալով էմոցիաներին՝ հանրության առաջ մեր ունեցած պարտավորությունները պատվով կատարելու համար:
դ) Ընթացիկ քաղաքական իրավիճակը թելադրում և պահանջում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ՀՀ նախագահի թեկնածու, և սերժանտական կործանարար իշխանության հեռացման նպատակ ունեցող բոլոր քաղաքական ուժերի համախմբումը նրա թեկնածության շուրջ: