
Խոշոր ավտովթար` Սյունիքի մարզում. պարսկական մարդատար ավտոբուսը գլորվել և հայտնվել է Մեղրի գետի ափամերձ տարածքում. կա զոհ և բազմաթիվ վիրավորներ

Այսօր ժամը 19:30-ի դահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արևիկ գյուղի հատվածում` Երևանից Մեղրի ընթանալիս, պարսկական ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը ճանապարհի մերկասառույցի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր գլորվելով` հայտնվել Մեղրի գետի ափամերձ տարածքում: Այս մասին տեղեկացնումէ shamshyan.com-ը:
Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ այս պահին դեպքի վայր է ժամանում Ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը` Մեղրիի ոստիկանապետ Հակոբ Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանում են նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի Մեղրիի, Քաջարանի, Կապանի հրշեջ-փրկարարական խմբերը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսում եղել են 30-ից ավել ուղևորներ, որոնցից մեկը, ով 30-ամյա տղամարդ էր, տեղում մահացել է: Իսկ 9 հոգի արդեն գյուղացիների, փրկարարների և ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել գետից և տեղափոխվում են հիվանդանոցներ: Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Արդեն ժամանում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչները, ովքեր փորձում են պարզել վարորդի, մահացած և վիրավոր անձանց ինքնությունները: