«Դու Հայաստան ես չէ՞ գնալու: Ինձ այնտեղից նուռ կբերե՞ս»
«Երբ ես ծնվեցի, հայրս վախենում էր, թե ծննդատան երեխաների մեջ չի կարողանա ինձ ճանաչել, բայց երբ տեսավ ինձ, վստահաբար ասաց, որ ես իր տղան եմ»,- այսպես բնութագրեց իր հայի արտաքինը աշխարհահռչակ ջազմեն, բարերար, պրոդյուսեր Անդրե Մանուկյանը՝ այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Լոնդոնի հայ ընտանիքում ծնված երաժիշտը հայերի, հայոց աշխարհի մասին տեղեկացել է իր տատիկից, ով, ինչպես նշեց երաժիշտը, ջանք չի խնայել թոռնիկին հայեցի կրթելու համար: Տատիկի մահից հետո Անդրե Մանուկյանին հայոց աշխարհի մասին պատմում էին տատիկից մնացած պատմությունները, որոնք ամեն անգամ հիշելիս, նորովի էր սիրում հայոց աշխարհը: «Մի անգամ ինձ հարցրին, թե Հայաստանում ի՞նչն եմ ամենից շատ սիրում, ես պատասխանեցի, որ երբ նայում եմ Մասիս սարին, այն ինձ ուժ է տալիս, ստեղծագործելու կարողություն»,- ասաց աշխարհահռչակ ջազմենը: Վերջինս պատմելով իր ընտանիքի, ծնողների ցանկությունների մասին ասաց, որ չի կարողացել իրականացնել իր մայրիկի՝ հայ հարս ունենալու ցանկությունը: «Նա ցանկանում էր, որպեսզի ես ամուսնանամ մեր ծանոթ բժշկի աղջկա հետ, բայց ես ունեի ուրիշ ընտրյալ, ով հայ չէր: Տարիներ անց, երբ ես տեսա բժշկի աղջկան, խիստ փոշմանեցի, որ չեմ լսել մայրիկիս և չեմ ծանոթացել նրա հետ: Ափսոսացի, բայց ավաղ արդեն ուշ էր»,- պատմեց Անդրե Մանուկյանը: Հայկական քթով, կովկասցու արտաքինով տղամարդը իր ողջ կյանքի ընթացքում հավատարիմ է մնացել իր արմատներին՝ կնամեծարության տեսանկյունից ևս: Տարիների ընթացքում նա կարողացել է սիրել մի քանի կանանց, ունենալ նրանցից զավակներ, անգամ պապիկ դառնել: Անդրե Մանուկյանի ավագ դուստրն արդեն 30 տարեկան է: «Ես հպարտանում եմ իմ երեխաներով, ուզում եմ նրանց էլ ծանոթացնել հայկական մշակույթին: Իմ տղան հայկական հեռուստաալիքով տեսել էր մի հաղորդում, որի ընթացքում խոսվել էր նռան մասին։ Նա մոտեցավ ինձ և ասաց. «Դու Հայաստան ես չէ՞ գնալու: Ինձ այնտեղից նուռ կբերե՞ս»: Ես զարմացա և միևնույն ժամանկ ուրախացա որդուս խնդրանքից և անպայման իր համար Հայաստանից նուռ եմ տանելու»,- ասաց երաժիշտը: Ա. Սիմոնյանը Հայաստան կատարած իր առաջին այցելության ժամանակ նկատել էր, որ յուրաքանչյուր հայ ընտանիքում երաժիշտ կա: «Դա շատ գովելի է, ես զարմացել էի, թե հայերը որքան են գնահատում երաժշտությունը և ինչպես են մատուցում այն: Իմ հաջորդ ձայնասկավառակում ես ցանկանում եմ ներառել նաև հայ արտիստներին՝ թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս: Ուզում եմ հայ արտիստների հետ աշխատել, ներկայացնել հայկական երաժշտությունը, հայկական քոչարին: Ես վստահ եմ, որ մեր ազգի մեջ երաժշտության հանդեպ սերն առաջացել է դեռ Սովետական Միությունից: Կարծում եմ՝ այդ ժամանակ հայի հոգում շատ ճիշտ է դրվել երաժշտության հանդեպ սերը, այն ընկալելու կարողությունը»,- ասաց Ա. Մանուկյանը։
Նշենք, որ վաղը Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա «Հայի հոգին համաշխարհային ջազում» խորագիրը կրող համերգային ծրագիրը: