
Դեկտեմբերի 15-ին և 16-ին Երևանի կոնյակի գործարանում կանցկացվեն «Բաց դռների օրեր»:

Միջոցառման շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան շրջայց կատարել գործարանի հնեցման արտադրամասում, ծանոթանալ Արարատ կոնյակների արտադրական պրոցեսին, տակառագործության նրբություններին, ինչպես նաև տեսնել որոշակի նմուշներ Երևանի կոնյակի գործարանի հնագույն կոնյակների հավաքածուից: Այս մասին տեղեկացնում է Մեդիամաքսը։
Մասնավորապես, կցուցադրվի հայկական կոնյակի 1894թ. եզակի նմուշը, որը հատուկ այս միջոցառման համար տրամադրվել է Երևանի պատմության թանգարանի կողմից:
Միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաև ԱՐԱՐԱՏ կոնյակների պատմությանն առնչվող արխիվային բացառիկ նյութերի անդրանիկ ցուցահանդեսը: Որոշ նմուշներ ներկայացվել են Մեդիամաքս-ի «Երևան. XX դար» հատուկ նախագծի վերջին գլխում։
Այսօր և վաղը, ժամը 10:00-ից մինչև 17:00 կգործեն անվճար ավտոբուսներ, որոնք ցանկացողներին Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտից կտեղափոխեն Երևանի կոնյակի գործարան:
Մուտքն ազատ է: