Ղուկասյանի փեսայի սպանության մեջ մեղադրվող անձին առաջադրված մեղադրանքներից մեկը փոխվել է
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, գործը մտել է դատարան, և շուտով պարզ կդառնա նաև, թե երբ է մեկնարկում դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է galatv.am-ը:
Հիշեցնենք, որ Ղուկասյանի փեսան՝ Կարեն Եսայանը, սպանվել է ապրիլի 12-ին, որից հետո նրա սպանության համար կալանավորեցին Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Հարությունն արդեն 8 ամիս գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Նրա հարազատները, Հարությունին ճանաչողները վստահ են, որ Հարություն Սարգսյանը սպանություն կատարել չէր կարող, և այն կարծիքին են, որ այդ հանցագործությունը պարզապես մեղսագրվել է նրան: Հարություն Սարգսյանի փաստաբանները վստահ են, որ արդար և օրինական դատաքննության ընթացքում պարզ է դառնալու, որ Կարեն Եսայանին սպանողը Հարություն Սարգսյանը չէ: Լուսինե Սահակյանի վստահեցմամբ՝ Հարությունն իրեն մեղավոր չի ճանաչում, և ոչ մի ապացույց չկա քրեական գործում, որ ինքն այս գործի հետ որևէ առնչություն ունի:
Հատկանշական է այն, որ նախաքննության ավարտին Հարություն Սարգսյանին վերագրված մեղադրանքներից մեկը փոխարինվել է մեկ այլ մեղադրանքով: Նախաքննությունը սկզբում նրան մեղադրում էր ապօրինի զենք և զինամթերք պահելու մեջ: «Նախաքննության ավարտին նրա վրայից այդ մեղադրանքը հանվեց, թե ինչո՞ւ՝ պետք է նախաքննական մարմիններին հարցնել: Բայց հիմա էլ նրան մեղադրում են ոչ միայն սպանության մեջ, այլև՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանի համոզմամբ՝ նախաքննությունն ի սկզբանե բազմակողմանի քննություն չի կատարել, և նոր մեղադրանքի առաջադրումը նպատակ ունի ապահովագրել իրավապահ մարմիններին դատարանում պարտվելուց: «Հնարավոր է՝ հասկանում են, որ 104 հոդվածի առաջին մասով, որով սպանության մեջ են մեղադրում, հնարավոր չէ, որ մեղադրանքը արդար և օրինական դատաքննության արդյունքում ապագա ունենա, դրա համար ևս մեկ հոդված ավելացրին»:
Հիշեցնենք, որ այս քրեական գործով 17 անձանց՝ որպես կասկածյալ, ոստիկանությունը ներկայացրել է նախաքննություն իրականացնող մարմնին: Կասկածյալների թվում Ղուկասյան գերդաստանից անձինք ներգրավված չեն եղել: Ըստ փաստաբանի՝ ոստիկանությունն ի սկզբանե գնացել է այն ուղղությամբ, որ Հարություն Սարգսյանն է մեղավոր, և նախաքննությունն ամբողջությամբ այդ սխալ ուղղությամբ է աշխատել: Հիշեցնենք նաև, որ դեպքից հետո՝ հենց առաջին օրը, ոստիկանապետը հայտարարեց, որ հանցագործությունը բացահայտված է: