Բաժիններ՝

«Դատական իշխանությունը շարունակում է մնալ ամենախոցելին». Հրայր Թովմասյան

«Երկրում բյուրոկրատիզմն և կոռուպցիան դեռ կենսունակ են և, պատկերավոր ասած, պետական քաղցկեղի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է կիրառել «բուժման բոլոր մեթոդները՝ վիրահատականից մինչև քիմիաթերապիա և ֆիզիոթերապիա»:

Այդ մասին Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակության  հետ հանդիպման ընթացքում նշել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով իրավական պետության և ժողովրդավարության հաստատման ուղղությամբ Հայաստանում իրականացվող գործընթացները: Նա նաև ընդգծել է, որ «այդ խնդիրները հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում են և նա իր բոլոր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում ընդգծում է կոռուպցիայի դեմ  պայքարի անհրաժեշտությունը»:

ՀՀ արդարադատության նախարարությունից «Pastinfo.am»-ը տեղեկացավ, որ մարդու իրավունքներին, Հայաստանում անկախ դատական իշխանության ստեղծմանը, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր քննարկելուց զատ նախարարը նշել է նաև, որ որոշակի գործնական քայլեր կատարվել են, սակայն դրանք դեռևս բավարար չեն առկա խնդիրները լուծելու համար: Մասնավորապես՝ դատական իշխանությունը շարունակում է մնալ ամենախոցելին:

«Արդեն  հաստատվել է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը, որի արդյունավետ կիրառումը ոչ միայն իմ, այլև քաղաքական իշխանության պատվի խնդիրն է»,- նշել է արդարադատության նախարարն, ընդգծելով, որ ոլորանից այն կողմ ուրվագծվում է այն դատական համակարգը, որը կունենանք ծրագիրն իրականացնելուց հետո:

«Այս ամենը իրականացնելու ճանապարհին կա իհարկե բավականին մեծ դիմադրություն, հին և նոր մտածողությունների պայքար, սակայն ես հավատում եմ, որ բարեփոխումները ոչ միայն հնարավոր են, այլև անխուսափելի: Մենք պարտավոր ենք դրանք իրականացնել: Դա անհրաժեշտ է մեր երկրին», – շեշտել է Հրայր Թովմասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս