«Ինձ համար ընդունելի չէ Քլինթոնի տեսակետը»

«Ինձ համար ընդունելի չէ Քլինթոնի տեսակետը, թե Եվրասիական միությունը ԽՍՀՄ մոդել է, ոովհետև ես հավանաբար ավելի պրոֆեսիոնալ մակարդակում եմ ուսումնասիրում հետխորհրդային տարածքը»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օրերս հնչեցրած հայտարարությանը, թե ԽՍՀՄ կարող է ստեղծվել նոր՝ «Մաքսային միություն կամ Եվրասիական միություն» անվանումով և ամերիկյան իշխանությունները մտադիր են խոչընդոտել Խորհրդային Միության նոր տարբերակի՝ տնտեսական ինտեգրման տեսքով ստեղծմանը:

«Խորհրդային երկրորդ տարածքի ստեղծման հնարավորությունը ես բացառում եմ: Միակ պետությունը, որը կարող էր կրկնել ԽՍՀՄ մոդելի գաղափարը Ռուսաստանն էր, որը, սակայն, դրա իրականացման համար չունի անհրաժեշտ ռեսուրսներ: Ինտեգրումը նման տարածքում, հավատացնում եմ, շատ թանկ արժե: Խոսքս միայն փողի մասին չէ, այլև անվտագության պահպանման, միջազգային համբավի և այլնի մասին: Քանի որ ես բացառում եմ նոր ԽՍՀՄ-ի ստեղծումը, վստահեցնում եմ, որ Եվրասիական միություն անվանումով նմանատիպ մոդելի ստեղծման վտանգ չկա»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ Եվրասիական միությունը չի կարող հակակշիռ լինել եվրոպական այլ կառույցներին:

Ինչ վերաբերում է Հ. Քլինթոնի հայտարարությունից հետո Հայաստանի կողմից իրականացվող քայլերին, ապա քաղաքագետը նշեց, որ Հայաստանը կշարունակի ու դժվար թե փոխի իր քաղաքական վարքագիծն այս հարցում:

«Մեզանում այս մարտավարություն կոչվում է կոմպլեմենտարիզմ: Երբ գրեթե բոլոր առաջարկներին մենք դրական ենք պատասխանում, այն սկզբունքով, թե ինչո՞ւ չփորձենք, մենք կողմ ենք, ինչո՞ւ չանդամկցենք, եթե մեզ համար շահավետ է: Իսկ հետո նստում, սպասում ենք, թե երբ պետք է գա մեկ այլ առաջարկ մեկ այլ պետության կողմից: Չեմ կարծում, թե մեր իշխանությունների մոտեցումն այս առումով փոխվի»,- շեշտեց քաղաքագետը:

 

Տեսանյութեր

Լրահոս