ՀԱԿ-ում ներկա պահին նախ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին իրենց շարքերից հեռացնելու խնդիրն են լուծում
«Ես համոզված եմ, որ ՀԱԿ-ը մինչև ընտրություններին մասնակցել-չմասնակցելու քննարկմանն անցնելը նախ և առաջ պետք է քննարկի իր միասնականության և հետագա գործունեության հարցերը:
Քանի դեռ լռում էր ԲՀԿ առաջնորդը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ամեն ինչ արեց, որպեսզի ՀԱԿ-ի ամբողջ ռեսուրսը ծառայեցնի Գագիկ Ծառուկյանին՝ առաջադրվելու պարագայում: Եվ հիմա, երբ որ Ծառուկյանը հրաժարվեց այդ մտքից, հասկացան, որ Զուրաբյանի աշխատանքն ամբողջովին քայքայել էր ՀԱԿ-ը և ռեսուրսներն ամբողջովին պարպված էին»,- galatv.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ քաղաքական դաշտում ՀԱԿ-ի ունեցած դիրքն ու ստեղծված իրավիճակը շատ վատ նախադեպ է նախահագահան ընտրություններին մասնակցելու համար: Քաղաքագետը համոզված է, որ ՀԱԿ-ում ներկա պահին նախ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին իրենց շարքերից հեռացնելու խնդիրն են լուծում:
«Այս հարցն ավելի օրհասական է: Մենք ունենք մեր աղբյուրները ՀԱԿ-ում, և մեր տեղեկատվությունը հստակեցված և ճշտված է: Լևոն Զուրաբյանի հեռանալը նրա ցանկությամբ չէ, այն քննադատությունները, այն խոսքերը, որ նրա հասցեին այնքան լավ գնահատականներ չեն հնչում, այս ամենը պատճառ է դառնում, որ նա ստիպված լքի ՀԱԿ-ը»,- ասել է քաղաքագետը: