Բալասանյանին նյարդայնացնում են Վարդան Ղուկասյանի «օբյեկտները»

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վերջին շրջանում հասարակական կազմակերպությունների, գյումրեցի արտադրողների հետ հանդիպման ժամանակ, նաև Գյումրու ավագանու նիստին, անընդհատ նույն հարցն է բարձրացնում, որ «քաղաքում ազատ տարածք չի մնացել, ամեն ինչ ծախել են»:

Ըստ galatv.am-ի՝ երեկ գյումրեցի արտադրողների հետ հանդիպման ժամանակ Ս. Բալասանյանը դիմել է նրանց` ասելով. «Ա՛յ մարդ, մարդիկ Հոլանդիայից եկել են, շենք են ուզում, մի քանի հազար աշխատատեղ են բացում, լավ էլ տղա էր, անունը՝ Մասիս, ընկանք քաղաք, սաղ քաղաք մի հատ շենք չեն թողել, որ տայինք էդ Հոլանդիայից եկած տղուն, ասեինք՝ արի, քո բիզնեսը դիր»:

Այնուհետև, խոսելով Գյումրու «Տիքստիլ» կոմբինատի մասին, Բալասանյանն ասել է. «Հզոր գործարան է, հզոր, բայց ինչ օրը գցեցին, հիմա էլ ուզում են էդ տարածքում գազալցակայան սարքել, կողքուբոլորն էլ սաղ ծախել են, պատերից հետ քանդում-ծախում են, սաղ»:

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, նշված տարածքում կառուցվող գազալցակայանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդունն է՝ Սպարտակ Ղուկասյանինը: Ըստ կայքի՝ Բալասանյանը մի քանի անգամ փորձել է կասեցնել շինարարությունը նշված տարածքում, բայց նրան չէր հաջողվում, մինչև գործին խառնեցին ՀՀ ոստիկանությանը:

Իսկ Գյումրու ավագանու նիստի ժամանակ Ս. Բալասանյանին նյարդայնացրել են Վ. Ղուկասյանի հարզատներին պատկանող այն օբյեկտները, որոնք կառուցվել են Գյումրիի քաղաքապետարանի շենքի հարեւանությամբ:

Նա բարկացել է՝ ասելով. «Այ մարդ, ավագանին տեղ չունի, բերել խանութ են սարքել»: Իսկ երբ ավագանու անդամներից հարց են բարձրացրել, թե այդ օբյեկտները չի՞ կարող համայնքը հետ վերցնել ու տալ ավագանուն՝ որպես աշխատասենյակներ, Ս. Բալասանյանը սկսել է կատակներ անել. «Հա, բա պտի վերցվի, մեր ավագանին տեղ չունի, ես էլ` ծառայողական մեքենա, հ՛ա, մի՛ խնդացեք, փող հավաքեք, ինձ մի հատ մեքենա առեք»:

Վերջին օբյեկտը, որ խիստ բարկացնում է Ս. Բալասանյանին, Ղուկասյաններին պատկանող «Օազիս» ռեստորանային համալիրն է, որը գտնվում է Գյումրիի կենտրոնական այգում: «Այ մարդ, Գորկու այգին դարձրել են ռեստորան, բերել են «Օազիսը» կառուցել կանաչ տարածքների վրա, ըդպես բան ո՞վ է տեսել… Էդ տարածքը մեր երեխեքի համար է, չեն կարող դուրս գալ, զբոսնել, այդտեղ ռեստորան սարքելու տե՞ղ է, հա՞»:

Տեսանյութեր

Լրահոս