Բաժիններ՝

Ոստիկանության աշխատակիցները «նարկոշին» պահելու համար խոշոր գումար են պահանջել

Քիչ առաջ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցները խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով Ներքին անվտանգության վարչություն են բերման ենթարկել 3 անձի: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 12-ին, Արտաշատ քաղաքի մի բնակիչ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն հայտնել է, որ իրեն նույն օրը թմրանյութ օգտագործելու կասկածանքով Երևան քաղաքի ատամնաբուժարաններից մեկից բերման են ենթարկել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունք, որտեղից տեղափոխել են նարկոլոգիական դիսպանսեր:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն դիսպանսերում ոստիկանության աշխատակիցները բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Վաղինակ Վարդանյանի և օպեր լիազոր Գևորգ Գևորգյանի հետ նարկոլոգիական կենտրոնում նշված անձին առաջարկում են, որ եթե ինքը 3000 ԱՄՆ դոլար գումար տա իրենց, ապա իրենք բժշկի միջոցով կկոծկեն թմրանյութ օգտագործած լինելու հանգամանքը, իսկ փորձաքննությամբ էլ չի հայտնաբերվի նրա կողմից թմրանյութ օգտագործելու հանգամանքը: Այդ ամենից հետո նա քրեական պատասխանատվության չի ենթարկվի:

Ըստ ֆոտոլրագրողի, քաղաքացին չի համաձայնել և ենթարկվել է փորձաքննության, որից հետո նրան տեղափոխել են Երևան քաղաքի վարչություն: Այնտեղ է ժամանել ատամնաբուժարանի բժիշկ Գևորգ Մարտիրոսյանը, ով իր այցելուին համոզել է, որ 2000 ԱՄՆ դոլար վճարելու դեպքում ինքը ոստիկանների հետ բոլոր հարցերը կարող է կարգավորել: Ու եկել են պայմանավորվածության, որ 300 հազար դրամը պետք է նույն օրը տրվի, իսկ մնացած գումարը՝ այսօր:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում քաղաքացուց կաշառք ստանալու կասկածանքով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն են բերման ենթարկվել 3-րդ բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանը, օպեր լիազոր Գևորգ Գևորգյանը, ատամնաբուժարանի բժիշկ Գևորգ Մարտիրոսյանը, իսկ ավագ օպեր լիազոր Էդուարդ Զաքարյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Գ. Շամշյանը հայտնում է, որ նախապատրաստված նյութերը քիչ առաջ ուղարկվեցին հատուկ քննչական ծառայություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս