Հանուն ապահով «Բարգավաճ Հայաստանի»

ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ ինքը չի առաջադրվելու, իսկ ԲՀԿ-ն չի պաշտպանելու նախագահի որևէ թեկնածուի: Ի՞նչ է սա նշանակում: Արդյո՞ք այն, որ ԲՀԿ-ականները բոյկոտելու են նախագահական ընտրությունները, քանի որ կուսակցությունը չի պաշտպանում որևէ թեկնածուի: ՀԱԿ-անդամները, ովքեր մինչև վերջերս քաղաքական կոնսուլտացիաներ էին անցկացնում ԲՀԿ-ականների հետ՝ ԲՀԿ-ին համարելով գործընկեր կուսակցություն, համոզված են, որ ԲՀԿ-ականները քվեարկելու են ընդդիմության, այսինքն՝ իրենց թեկնածուի օգտին:

Նրանց թվում է, որ ԲՀԿ-ականներն այս իշխանությանը և նրա թեկնածուին պաշտպանելու որևէ պատճառ չունեն, և ընդհակառակը՝ ամեն կերպ օգնելու են իրենց, հնարավոր է, ոչ հրապարակավ, քանի որ հայտարարել են որևէ մեկին չսատարելու մասին: Իսկ ինչպես հայտնի է՝ ԲՀԿ-ի խոսքը գործ է, գոնե առերևույթ: Մի խոսքով, ՀԱԿ-ում հույս ունեն Ծառուկյանի և նրա ղեկավարած ԲՀԿ-ի գաղտնի աջակցության վրա` առանց հստակ իմանալու անգամ, թե իրենց առաջնորդն առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ:

Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է և քաղաքական իրավիճակը գնահատելու անընդունակություն: Իրականում ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլ բոլոր քիչ թե շատ հայտնի ԲՀԿ-ականներն առաջիկա նախագահական ընտրություններում աշխատելու են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար: Եվ դա անելու են ոչ թե գաղտնի կամ թաքուն, այլ ճիշտ հակառակը` բացահայտ և ցուցադրաբար:

ԲՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, որ, եթե նախկին  նախագահական ընտրություններում, երբ իրենք հրապարակավ հայտարարել էին Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, և համատեղ շտաբում էին, կարող էին գլուխ պահել, քանի որ ոչ ոք առանձնապես չէր հետևում, թե իրենք ինչով են զբաղված կամ ինչ աշխատանք են կատարում: Մինչդեռ, ԲՀԿ-ականները հասկանում են, որ ոչ մեկին չպաշտպանելու տարբերակի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է լինելու: Նրանց գործունեությունն այս ընտրությունների ժամանակ գտնվելու է խոշորացույցի և նույնիսկ մանրադիտակի տակ, և բոլորը հետևելու են,  որպեսզի ԲՀԿ-ականների գործողություններում հայտնաբերեն դավաճանության, ՀՀԿ-ի թեկնածուի դեմ աշխատելու կամ նրա ընտրարշավը բոյկոտելու դրսևորումներ, որպեսզի զեկուցեն վերևներին, որ այսինչ ԲՀԿ-ականն աշխատում է իրենց դեմ, և նրա հարցերը պետք է լուծել:

Նման բան թույլ չտալու համար, այս անգամ ԲՀԿ-ականներն իրենց ամբողջ ռեսուրսով և հնարավորություններով պետք է ցուցադրաբար աշխատեն Սերժ Սարգսյանի համար, ապացուցելով, որ իրենք ոչ միայն թշնամիներ չեն,այլև  նախագահ Սերժ Սարգսյանի ավելի մեծ նվիրյալներ են, քան նույնիսկ հանրապետականները:

ԲՀԿ վերնախավի մեծ մասն այդ կուսակցություն է մտել իր սեփականությունը պաշտպանելու և մեծացնելու հնարավորություն ունենալու համար: Հիմա նրանք տեսնում են, որ ԲՀԿ-ն այնքան էլ ապահով ապաստան չէ: ԲՀԿ հեռատես գործիչները մինչև այս դեպքերն արդեն հասցրել են հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իրենց անհամաձայնությունը հայտնել Ծառուկյանի գործողությունների կապակցությամբ և հավատարմության երդումը տալով նախագահին՝ դրանով ստանալ մեղքերի թողություն: Բայց պարզ է, որ նախագահի մոտ մուտքի հնարավորություն ունեն խիստ սահմանափակ թվով անձինք, մյուսները հույս ունեն, որ այդ թողությանն իրենք կարժանանան՝ իրենց անկեղծ զղջման միջոցով, որը, ինչպես նշեցինք, նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի համար անմնացորդ նվիրումով աշխատելն է: ԲՀԿ վերնախավում արդեն իսկ արդարացում են գտել իրենց ապագա գործունեությանը: Մասնավոր զրույցներում նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանի` «Հանուն ապահով Հայաստանի» նախընտրական կարգախոսն իրականում նշանակում է՝ Հանուն ապահով «Բարգավաճ Հայաստանի»:

Տեսանյութեր

Լրահոս