Բացակայող պատգամավորի փոխարեն գրանցվելը կամ քվեարկելը` «պաշտոնական կեղծիք»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամները դեկտեմբերի 11-ին շրջանառության մեջ են դրել «ԱԺ կանոնակարգ-օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է կարգազանց համարել նաև բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող կամ քվեարկող պատգամավորին:
Վերջինի նկատմամբ առաջարկվում է սահմանել ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսվածից առավել խիստ կարգապահական միջոց, այն է` ԱԺ նիստը վարողը օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին պետք է հաղորդում ներկայացնի ՀՀ իրավապահ մարմիններին, քանի որ, ըստ հեղինակների, «նման արարքը համարվում է պաշտոնական կեղծիք»:
Ըստ օրենսդրական նախաձեռնության հեղինակների` ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված է, որ «պատգամավորը քվեարկում է անձամբ` կողմ, դեմ, ձեռնպահ», սակայն օրենքում ամրագրված չէ, թե անձամբ չգրանցվելու և/կամ չքվեարկելու դեպքում ինչ կարող է հետևել դրան:
Նշենք, որ գործող օրենքով կարգազանց են համարվում այն պատգամավորները կամ Ազգային ժողովի նիստում ներկա անձինք, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում ԱԺ-ի նիստը վարողի` օրենքից բխող պահանջները և կատարում են օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:
Նման պատգամավորի նկատմամբ նիստը վարողը կարող է ձեռնարկել հետևյալ կարգապահական միջոցները՝ զգուշացում, հրապարակելով անունը, ազգանունը, խոսափողի անջատում, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, հեռացում` մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից, զրկում` մինչև 6 օր ԱԺ-ի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում: Ընդ որում` կարգապահական այս միջոցները, որպես կանոն, նիստը վարողը կիրառում է մեղմից դեպի խիստը: