Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի
Չնայած ՀԱԿ անդամները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելով՝ ստեղծվել են բավական նպաստավոր պայմաններ հաջողության հասնելու համար, և Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի, 168.am-ի տեղեկություններով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջնական որոշում է կայացրել` չառաջադրվել: Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների, Տեր-Պետրոսյանը թիմակիցներին առաջարկելու է, որ ՀԱԿ թեկնածուն լինի Լևոն Զուրաբյանը: Բացատրություններ նա կարող է ներկայացնել՝ որքան ասես:
Սկսած նրանից, որ ինքն իր առաքելությունը քաղաքական դաշտում համարում է ավարտված և պատրաստ է տեղը զիջել երիտասարդ գործիչներին՝ ամեն կերպ աջակցելով նրանց, վերջացրած նրանով, որ ի տարբերություն 2008թ., երբ քաղաքական ուժերը համախմբվեցին իր շուրջ, հիմա ընդհակառակը՝ քաղաքական դաշտը պառակտված է, և նույնիսկ իրենց ընդդիմադիր համարող կուսակցությունները համագործակցում են իշխանության հետ: Հնարավոր է նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվելու որոշում կայացրած լինի, քանի որ չի ցանկանա հայտնվել երրորդ պատվավոր տեղում` զիջելով անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչը չի կարելի անհավանական համարել:
Տեր-Պետրոսյանի առաջադրման համար չկա արտաքին քաղաքական պահանջարկ. նա իր համախոհներին տևական ժամանակ բացատրում էր, թե Ռուսաստանը պետք է ստիպի, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարի իր թեկնածությունը պաշտպանելու մասին, ինչը տեղի չունեցավ: Միակ հիմնավորումը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի, ՀԱԿ անդամների այն պնդումներն են, թե նրա չառաջադրվելու դեպքում՝ ՀԱԿ-ը կփլուզվի: Բայց այդ հիմնավորումը չափազանց անլուրջ է, քանի որ ՀԱԿ-ն արդեն փլուզվել է: Նախապես ՀԱԿ-ին անդամակցող 18 կուսակցություններից՝ այսօր ՀԱԿ-ին անդամակցում են ընդամենը 3-4-ը: Դժվար թե Տեր-Պետրոսյանը հանուն ՀԱԿ փլատակների՝ գնա հերթական պարտության: