Կքննվի «Հարսնաքարի» գործով տուժող կողմի վերաքննիչ բողոքը
Դեկտեմբերի 20-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կքննվի ընդդեմ ոստիկանության ու դատախազության «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով տուժող կողմի վերաքննիչ բողոքը: Այդ մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել է տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Կողմը բողոք է ներկայացրել ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի (նախագահող դատավոր Գագիկ Խանդանյան) նոյեմբերի 16-ին կայացրած որոշման, որով մերժվել էր նրանց բողոքը:
Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել են ՀՀ դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից, վերաքննիչ բողոքը կքննվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ տուժող կողմի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը և Վահե Գրիգորյանը պահանջում էին վերացնել քննիչի որոշումը, որով մերժվել են նախաքննության ընթացքում բացթողումների ու խախտումների շտկմանն ուղղված իրենց միջնորդությունները: Կողմը պահանջել էր նաև վերացնել քննիչի որոշման դեմ իրենց բողոքը մերժելու մասին գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշումը: Տուժող կողմը պահանջել էր պարտավորեցնել «թույլ տրված խախտումներով և բացթողումներով գործը վերադարձնել քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար»:
Կողմը պնդում է նաև, որ գործի նախաքննությունը վերսկսվի Հատուկ քննչական ծառայությունում՝ պաշտոնատար անձանց գործողությունները և դրանց շարժառիթները պարզելու համար:
Ըստ տուժող կողմի ներկայացուցիչների՝ նախաքննության մարմնի ամենամեծ բացթողումն այն է, որ չի պարզվել, թե կոնկրետ ում հարվածը կամ հարվածներն են պատճառել տուժող Վահե Ավետյանի մահը, ուստի «չի բացահայտվել տուժողի սպանությունը»: Կողմը գտնում է, որ սխալ է սպանությունը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնել որակելը՝ ի սկզբանե ծանր մարմնական վնասվածքն եղել է կյանքի հետ անհամատեղելի: Տուժող կողմը վստահ է, որ «նախաքննությունը հապշտապ ավարտելու հետևանքով» չի պարզվել հանցագործության մեղսակից անձը՝ բացահայտված 6 անձանցից 5-ը թիկնապահներ են եղել, և որևէ քայլ չէին կարող կատարել առանց համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հանձնարարության կամ իմացության:
Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արթուր Դավթյանը գտել է, որ բողոքն անհիմն է, չի բխում քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից և ենթակա է մերժման: Նա պարզաբանել էր, որ 6 մեղադրյալներին նույն մեղադրանքն է առաջադրվել, քանի որ նրանք միասնական դիտավորությամբ փորձել են վնաս պատճառել մի խումբ անձանց առողջությանը: Ըստ մեղադրողի, դատարանը կարող է քննության արդյունքում փոխել հանցագործության քրեաիրավական գնահատականը՝ նաև մեղադրանքը խստացնելով, դա անդառնալի չէ:
Ըստ նրա, գործի նախաքննության ավարտումը հապշտապ չի եղել, գործը քննվել է ողջամիտ ժամկետում, ինչը իրավունքի միջազգային նորմերի ու հանրային պահանջ է:
Ա. Դավթյանը հավելել էր, որ տուժող կողմի միջնորդությունների մի մասն առնչվում է հանցագործության այլ հնարավոր մասնակիցների բացահայտմանը: Դրա համար գործից մաս է անջատվել, ընթացող նախաքննության շրջանակում քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: