Ինչո՞ւ հայ քաղաքական գործիչները չեն օգտվում Տրանսցենդենտալ մեդիտացիայից

ՀՀ քաղաքական գործիչները չեն զբաղվում Տրանսցենդենտալ մեդիտացիայով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Մահարիշի վեդայական կենտրոն» կրթական հիմնադրամի տնօրեն, «Համայն կանայք՝ հանուն ամբողջական գիտելիքի» հ/կ նախագահ Սվետլանա Գալստյանը:

Ըստ Սվետլանա Գալստյանի, հանգստանալու այս եղանակն օգտագործում են աշխարհի շատ երկրների քաղաքական գործիչներ:

Տրանսցենդենտալ մեդիտացիան, ըստ մի շարք հետազոտությունների՝ սթրեսից ազատվելու ամենից արդյունավետ մտավոր միջոցն է:

«Քաղաքական գործիչները մեծ պատասխանատվություն ունեն, հետևաբար՝ նրանք պարզապես իրավունք չունեն հոգնելու կամ սխալվելու: Նրանք կարիք ունեն մի տեխնիկայի, որ արդյունավետ կերպով կնվազեցնի սթրեսները: Տրանսցենդենտալ մեդիտացիան լավացնում է խնդիրները լուծելու, հեռահար որոշումներ կայացնելու ունակությունները, լավացնում է բարոյական դատողությունը, այլ կերպ ասած, զարգացնում է նախաճակատային բիլթի բոլոր հատկանիշները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սվետլանա Գալստյանը: Ըստ տիկին Գալստյանի, աշխարհի տարբեր երկրների քաղաքական գործիչները կիրառում են հանգստանալու այդ ձևը և ԶԼՄ-ներին տված հարցազրույցների ընթացքում նշում են, որ օգտվում են Տրանսցենդենտալ մեդիտացիայի ընձեռած հնարավորություններից:

«Հայ քաղաքական գործիչները չեն դիմում մասնագետներին՝ Տրանսցենդենտալ մեդիտացիայով զբաղվելու համար: Այնինչ, այն ընդունված է աշխարհի շատ երկրներում, և շատ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Անգլիայի արտաքին գործերի նախարարը, փոխվարչապետը, օգտվում են Տրանսցենդենտալ մեդիտացիայից: Նրանք գործնական մարդիկ են, և, ինչպես իրենք են նշում, դա հնարավորություն է տալիս իրենց լավ քնել և արագ թոթափել հոգնածությունը:

Լատինական Ամերիկայի շատ քաղաքական գործիչներ նույնպես օգտվում են այդ մեդիտացիայից, և նրանց շնորհիվ է, որ դեկտեմբերի 21-ից սկսած՝ 8000 հոգի՝ նույն վայրում հավաքված, կատարելու են այս ծրագիրը՝ ներառյալ Յոգական թռիչքները` հանուն աշխարհի խաղաղության»,- ասաց Սվետլանա Գալստյանը:

Նշենք, որ աշխարհի մի շարք երկրների պետական դպրոցներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, քաղաքային իշխանությունների գիտությամբ, դպրոցականները դպրոցում օրական երկու անգամ 10-15 րոպե կատարում են այս մեդիտացիան:

Տեսանյութեր

Լրահոս