Սամսոն Ղազարյանը կներկայացնի դատաքննությունը լրացնող միջնորդություններ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցած այսօրվա նիստում ավարտվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի հարցաքննությունը: Նա, ինչպես հայտնել ենք, ամբողջությամբ հերքում է իրեն առաջադրված վաշխառության և խարդախության մեղադրանքը:
Ի պատասխան դատարանի հարցի, թե կարո՞ղ էր տուժող Մեխակ Գաբրիելյանը մոռանալ, որ չի վերադարձրել 120 հազար դոլար պարտքի գումարի կեսը, ամբաստանյալը հայտարարեց՝ «երբ իրեն պետք է, մոռանում է, երբ պետք չէ՝ չի մոռանում»: Ս. Ղազարյանը պնդեց, որ Մ. Գաբրիելյանը պարտք է իրեն 60 հազար ԱՄՆ դոլար:
Այն հարցին, թե ինչու ոստիկանությունում լրացուցիչ բացատրություն տալիս չի նշել, որ ստացել է հավելավճարներ, մինչդեռ հետագայում ցուցմունքներում նշել է հավելավճարների մասին առկա պայմանավորվածության մասին՝ ամբաստանյալը հայտարարեց՝ «երևի քննիչը չի հարցրել»:
Մեղադրող Սամվել Հարությունյանի այն հարցին, թե որպես ի՞նչ էր տուժողը հավելավճարներ տալիս, եթե դա տոկոս չէր՝ Սամսոն Ղազարյանը պատասխանեց. «Շռայլ տղա էր, նվեր էր տալիս»:
Մեղադրանքի կողմը, ի պատասխան դատարանի հարցադրման, հայտարարեց, որ դատաքննությունը լրացնելու միջնորդություններ չունի, իսկ պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց լրացուցիչ վկաների դատարան հրավիրելու ու լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու մասին գրավոր միջնորդություն ներկայացնելու համար, և դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 18-ը: