«Մենք գնացել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի դուռը…»
ԲՀԿ ընտրազանգվածը ձևավորվել է որոշակի խոստումների արդյունքում և դժվար է ասել, թե նախագահական ընտրություններում այս էլեկտորատն ում կընտրի: Այս մասին ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը՝ հավելելով, որ չնայած սրան՝ դեռևս ամեն ինչ կախված է քաղաքական դաշտում «խաղացողներից ու տրվող խոստումներից»:
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից միասնական թեկնածուով հանդես գալու հավանականությանը, ապա Ս.Աբրահամյանը նշեց, որ իր համար այդ տարբերակն անհասկանալի է. «Եթե չեմ սխալվում՝ մի քանի միասնական թեկնածու կա: Ու այդպես կշարունակվի: Էլի միասնական թեկնածուներ կլինեն»:
Հարցին, թե արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում նրան կհաջողվի՞ նախկինի պես «ակտիվացնել» ժողովրդին, տարիների լռությունից հետո իր ետևից կրկին զանգվածներ տանել, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը խոսքի հզոր ուժ ունի, բայց որոշ գործընթացներ այնպես չեն գնացել. ժողովդրի մեջ հիասթափություն կա, երևի քաղաքական մարտավարությունից էր: Բայց ես կասկածում եմ, որ այն նույն թափը լինի, այն երևելի օրերը, որ եղան»:
Հարցին, թե ժամանակին ասել եք՝ «ՀԱԿ-ի մասին կամ լավ, կամ՝ ոչինչ», Դուք ՀԱԿ-ին մահացած ո՞ւժ եք համարում, չէ՞որ այդպես հանգուցյալների մասին են խոսում, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց.
«Մենք միասին ճանապարհ ենք գնացել: Ո՞նց ես կաող եմ ՀԱԿ-ի մասին այդպես մտածել: Այնտեղ նվիրյալներ կան, որոնց առաջ կարելի է գլուխ խոնարհել: Ես կաթողիկոս ընտրելուց այն զգացումներն եմ ապրել, երբ այդ մարդկանց հետ եմ եղել այնտեղ այդ երևելի, հրաշք 8-9 օրերը: Ես ո՞նց կարող եմ ՀԱԿ-ի մասին վատն ասել: Տակտիկական սխալներ եղել են, դե հիմա՝ Աստված մեծ է»:
Լրագրողները հետաքրքվեցին, թե երբ այսօր Ազատության հրապարակն ազատ է, ինչո՞ւ «Հանրապետությունը» միտինգ չի կազմակերպում, վստահ չե՞ք, որ զանգածներ կհավաքեք, թե՞ ասելիք չունեք: Ի պատասխան, Սուրեն Աբրահամյանը նկատեց, թե «այդ անտեր քաղաքականությունը մենակ միտինգը չէ, և միտինգները քաղաքական պրոցեսների ժամանակ պետք է իրականացնել, և ոչ երբեք ինքնանպատակ: Մասսաներին ոտքի հանելը հիմա ի՞նչ իմաստ ունի»:
Դիտարկմանը, թե երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին ոտքի հանեց՝ քաղաքական լուրջ գործընթացներ չկային, պարզապես առջևում նախագահական ընտրություններն էին, Սուրեն Աբրահամյանն ասաց, թե «մենք գնացել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի դուռը, երկու ամիս նախապատրաստական աշխատանքներ ենք տարել նրա հետ, մարզերում, համայնքներում կոնսուլտացիաներ ենք արել, և միայն դրանից հետո է նա մտել քաղաքական գործընթաց»:
Ի դեպ, Ս.Աբրահամյանը նաև բացառեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն՝ ասելով. «Չպրծա՞վ Ռոբերտ Քոչարյանը: Ես բացառում եմ, որ նա վերադառնա, այսրվա ուրախալի բանն էլ դա է, որ բացառվում է»: