«Պրոռուսական ուժերից մեկը ևս չի մտնում և չի փչանում այս էտապում, չի ջնջվում». Արամ Կարապետյան
«Ամեն ինչ դառնում է արդեն լրիվ անհետաքրքիր և, ճիշտն ասած, հետևել որևէ բանին, թե ով կառաջադրվի, ով ինչ խաղեր կտա… Մեզ շատ հետաքրքիր է, որ պրոռուսական ուժերից մեկը ևս չի մտնում և չի փչանում այս էտապում, չի ջնջվում, այսպես ասած: Մեզ դա շատ հետաքրքիր էր, ուրախ եմ, որ այդպես եղավ: Մնացածը, թե ինչ կլինի, մեզ համար կոնկրետ այդքան էլ հետաքրքիր չէ»,- galatv.am-ի հետ զրույցում` խոսելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին որոշմանը, ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
Հարցին՝ թե ի՞նչն էր պատճառը, որ Ծառուկյանը նման որոշում կայացրեց, Կարապետյանն պատասխանել է, թե նույն պատճառով, ինչ ինքը:
«Եթե նկատել եք, մեր հայտարարությունները հայելային են՝ նույն բանը հայտարարել եմ ես՝ չեմ մասնակցում և չեմ սատարում որևէ մեկին: Նույն հայտարարությունն արել են ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը: Ես կարծում եմ, պատճառները նույնն են, այսինքն՝ մասնակցել այսօրվա ընտրություններին և հեղափոխությամբ առաջ շարժվել, դա նշանակում է լեգիտիմացնել Սերժ Սարգսյանին»:
Դիտարկմանը, թե՝ չէ՞ որ ԲՀԿ-ն այնուամենայնիվ նպատակ ուներ առաջադրվելու, սակայն, ըստ էության, մտքափոխվել է, Կարապետյանն ասել է. «Նպատակ բոլորիս մոտ կար, նպատակ կար նորմալ ընտրությունների մասնակցել: Ավանի և մնացած դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանում ընդհանրապես անհնար է ընտրություն անցկացնել: Ես կարծում եմ՝ պարզ դարձավ, որ ընտրություն գաղափարը գոյություն չունի և պետք է գնալ, եթե նույնիսկ մասնակցում ես ու հեղափոխական ալիքի չես գնում, այն էլ մի քիչ բարդ է հիմա, դեռ բարդ է»:
Նա համաձայն չէ այն գնահատականներին, թե Գ. Ծառուկյանը մտափոխվել է առաջադրվել՝ հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, և երբ սկսվել են նաև հարկային ստուգումներ և հետապնդումներ ԲՀԿ-ական գործարարների հանդեպ: «Չէ, ես չեմ կարծում, որ դա էր պատճառը, այդ ամենը կար: Ես հավատացնում եմ ձեզանից շատ ավելի լավ էինք տեղեկացված և լիովին համոզված եմ, որ որոշումը քաղաքական է: Դրա հետ այդ ամենը որևէ կապ չի ունեցել, որոշումը քաղաքական է, շատ տեղին է, ճիշտ է: Վստահեցնում եմ ձեզ, որ ոչ մի աղետալի հետևանքներ չի ունենա, ինչպես ասում են»,- ասել է նա:
Գ. Ծառուկյանի այս որոշումից հետո արդյոՎարդան Օսկանյանը դուրս կգա՞ ԲՀԿ-ից՝ հարցին, Արամ Կարապետյանը պատասխանել է. «Իմ տպավորությամբ բարդ է լինելու, և ոչ միայն Օսկանյանի համար, մի քանի հոգու համար էլ: Կարծում եմ, որ քաղաքական առումով ես չէի շտապի նման քայլ անել: Ես որպես Օսկանյանին շատ լավ վերաբերվող մարդ, իմ մարդկային խորհուրդը կտայի՝ շտապել պետք չէ, կարծում եմ փորձված մարդ է և այդքան չի էլ շտապի»:
Իսկ թե բացի Վ. Օսկանյանից է՞լ ում համար է բարդ է լինելու, Կարապետյանը չի ցանկացել ասել: