ՀՀԿ-ն Ծառուկյանից ավելին է պահանջում

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը նախագահական ընտրություններում չառաջադրվելու վերաբերյալ, ըստ ամենայնի, չի բավարարել Հանրապետական կուսակցությանն ու նախագահ Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ից ընդամենը հայտարարություն է տարածվել, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրելու իր թեկնածությունը, իսկ կուսակցությունը չի սատարելու որևէ թեկնածուի: Որևէ հիմնավորում` ինչու, ինչպես, ինչի համար, չի ներկայացվել: Հասկանալի պատճառներով:

Առաջին հայացքից՝ թվում է, թե իշխանությունն այսպիսով հասավ իր նպատակներին` Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվում, և այդպիսով գոնե իրենց` ՀՀԿ-ականների կարծիքով՝ ավելի հեշտ է «ապահովվելու» Սերժ Սարգսյանը: Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, և, ամենայն հավանականությամբ, իշխանությունը մտավախություն ունի, որ հրապարակայնորեն չսատարելով որևէ թեկնածուի, իրականում ԲՀԿ-ն «տակից» կաջակցի մեկ այլ թեկնածուի: Այդ մասին է վկայում Ծառուկյանի այսօրվա հայտարարության նկատմամբ իշխանության առաջին արձագանքը:

Մասնավորապես, ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ծառուկյանի չառաջադրմանը, ասել է, որ ԲՀԿ-ի որոշումները չի որակում՝ որպես չեզոքություն կամ ձեռնպահ կարգավիճակ: «Պետք է համբերել, կուսակցությունն իր ռազմավարությունը ինչ-որ պահի երևացող կդարձնի հասարակության համար: Չսատարելը դեռ չեզոքանալ չէ: Տարբեր մոտեցումներ կարող են առաջանալ՝ արդար ընտրությունների, վերահսկողության համար պայքար, և այլն: Այնպես որ՝ ժամանակավրեպ է այս պահին գնահատականներ հնչեցնել»,- հայտարարել է Գ. Սահակյանը:

Այսինքն` իշխանությունը Գալուստ Սահակյանի շուրթերով Գագիկ Ծառուկյանին գրեթե ուղղակիորեն հասկացնում է` «խաղեր չտալ», «հանկարծ մտքներովդ չանցնի հիշել ԱԺ ընտրությունների միասնական շտաբը»: Այդ մեսիջն ուղղված է ոչ այնքան Գագիկ Ծառուկյանին, որքան ԲՀԿ-ի` համեմատաբար «ըմբոստ» հատվածին, որի ներկայացուցիչները մինչև վերջ պնդում էին Ծառուկյանի առաջադրման անհրաժեշտությունը: Ի դեպ, պատահական չէ, որ մամուլում արդեն լուրեր են շրջանառվում, թե որոշ ԲՀԿ-ականներ կարող են դուրս գալ կուսակցությունից:

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի համար իրականում դա ցանկալի կլինի, քանի որ հիմա առավել ևս նրան ավելորդ խնդիրներ պետք չեն: Ու եթե մինչև այսօր չափազանցված էին թվում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանի կողմից տրված խոստումների մասին խոսակցությունները, ապա արդեն այսօր` ԲՀԿ-ի հայտարարությունից հետո, դրանք դառնում են առավել, քան արժանահավատ: Իսկ Ծառուկյանը, ըստ շրջանառվող խոսակցությունների, Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ ոչ միայն տեղեկացրել է իր չառաջադրվելու մասին, այլև խոստացել է, որ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ամենաշատ թվով ձայներ ստանալու է իր հարազատ Կոտայքի մարզում:

 

Տեսանյութեր

Լրահոս