Ֆիննախը պարզաբանում է

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է հրապարակել՝ կապված «Սիվիլնեթ»  կայքի դեկտեմբերի 8-ի և «Օրակարգ» օրաթերթի ս.թ. դեկտեմբերի 11-ի համարում զետեղված «Կառավարությունը շեղվել է արտաքին պարտքի սպասարկման ժամանակացույցից» հրապարակման հետ։ Ֆիննախը պնդում է, որ հրապարակման մեջ տեղ գտած պնդումները իրականությանը չեն համապատասխանում:

«Արտաքին պարտքի մարումները կատարվում են վարկային պայմանագրերով սահմանված ժամանակացույցերի համաձայն: ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված էր, որ ՀՀ կառավարության արտաքին պարտքի մարմանը դեկտեմբեր ամսվա ընթացքում կուղղվեր տարեկան գումարների 35.3%-ը, որտեղ մեծ տեսակարար կշիռ է կազմում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկի մայր գումարի մարումը (19,472 մլն ԱՄՆ դոլար): Համաձայն ԱՄՀ-ի հետ կնքված պայմանագրի՝  այդ վարկի մայր գումարի մարումը նախատեսված է հենց 2012 թվականի դեկտեմբեր ամսին, և կոնկրետ ժամկետի առկայության դեպքում՝ անտրամաբանական է ժամկետից շուտ մարում կատարելը:

Համաձայն ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի ծրագրային ցուցանիշների` արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերը կազմում են 128,029.2 մլն ԱՄՆ դոլար, որից մարման գումարը կազմում է 70,993.4 մլն ԱՄՆ դոլար, տոկոսավճարները` 57,036 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում չորրորդ եռամսյակում արտաքին պետական պարտքի սպասարկմանը կառավարությունը պետք է ուղղեր 51,208 մլն ԱՄՆ դոլար, որից մայր գումարի մարմանը` 27,777 մլն ԱՄՆ դոլար, տոկոսագումարների վճարմանը` 23,431 մլն ԱՄՆ դոլար:

2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է 76,603.6 մլն ԱՄՆ դոլար (29,633.9 մլրդ դրամ): Նշված գումարից  43,800.7 մլն ԱՄՆ դոլար կազմել են միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկերի մարմանն ուղղված միջոցները, իսկ 32,802.9 մլն ԱՄՆ դոլար` նշված վարկերի գծով տոկոսավճարները: Դեկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն 38,139.1 մլն ԱՄՆ դոլար, որից մայր գումարի մարումները կկազմեն 25,094.6 մլն ԱՄՆ դոլար, տոկոսագումարների վճարները` 13,044.5 մլն ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ հայտնում ենք նաև, որ  ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի տոկոսագումարների վճարման գծով առկա են տնտեսումներ, որոնք պայմանավորված են 6-ամսյա ԱՄՆ դոլարի LIBOR, 6-ամսյա EURIBOR, SDR տոկոսադրույքների կանխատեսումային և 2012թ. ընթացքում փաստացի ձևավորված դրույքաչափերի տարբերությամբ, ինչպես նաև վարկային միջոցների մասհանումների թերակատարմամբ»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ըստ «Սիվիլնեթի» հրապարակման, դեկտեմբերին գործադիրը արտաքին պարտքի սպասարկմանը պետք է ուղղի $51,4 մլն, որից $ 27,2 մլն-ը մայր գումարի մարմանը, իսկ $24,2 մլն-ը՝ տոկոսավճարներին։ «Այս տարվա պետբյուջեի հավելվածների համաձայն, չորրորդ եռամսյակում արտաքին պետական պարտքի սպասարկմանը կառավարությունն ընդհանուր առմամբ պետք է ուղղեր $51,2 մլն, որից մայր գումարի մարմանը՝ $27,77 մլն, իսկ տոկոսադրույքների վճարմանը՝ $23,43 մլն։ Ստացվում է, որ կառավարությունը շեղվել է արտաքին պետական պարտքի սպասարկման ժամանակացույցից։ Տարօրինակ է, որ մի կողմից գործադիրը հայտարարում է, թե պետպարտքի սպասարկման հետ որևէ խնդիր չունի, մյուս կողմից՝ չորրորդ եռամսյակում սպասարկման ողջ բեռը թողնում է վերջին ամսվա վրա»,- գրել էր կայքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31