«Գագիկ Ծառուկյանը ճիշտ որոշում կկայացնի` հեռանալով քաղաքականությունից»

«Հայաստանյան քաղաքական դաշտը ոչ թե ճգնաժամային փուլում է, այլ միանգամայն սպառել է ինքն իրեն: Այն մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքական գործունեությամբ, ոչ մի սպասելիք չեն ունեցել եւ մոտ ապագայում դեռ չեն ունենա քաղաքական դաշտից», – այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` խոսելով ներքաղաքական խնդիրների մասին:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է, վերարտադրվելու համար` սպանելով «ընտրություն» գաղափարն առհասարակ: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահի կարծիքով, ԲՀԿ-ի առաջնորդը չի առաջադրվի ու շատ ճիշտ կվարվի, որովհետև Հայաստանում ընտրություններ չկան:

«Գագիկ Ծառուկյանը չի ուզում երկրորդը լինել կամ հետևել Արթուր Բաղդասարյանի ֆենոմենին: Նա ամեն ինչ հաշվարկել է ու հասկացել, որ չի ուզում մասնակցել այդ ամենին: Առավել ևս, լսել եմ, որ քաղաքականությունից է ուզում հրաժարվել: Կարծում եմ, դա շատ ճիշտ որոշում կլինի իր կողմից»,- կարծիք է հայտնել Արամ Կարապետյանը:

Նրա համոզմամբ, Հայաստանում քաղաքական պրոցեսները և ժողովրդի կամքի հետ կապված պրոցեսները առանձին դաշտում են: Արդար քաղաքական պրոցեսներով հաղթել Սերժ Սարգսյանին կարող է ցանկացած ոք, ով կառաջադրի իր թեկնածությունը: Սակայն հիմա Սերժ Սարգսյանի վերարտադրման պրոցեսը կարելի է դադարեցնել միայն հեղափոխությամբ, որին այսօր որևէ քաղաքական ուժ պատրաստ չէ: Ընդ որում, ներքևից սկսած հեղափոխությունն է ի զորու դա անել, իսկ վերևից հեղափոխությունը Հայաստանում դեռևս անհնար է:

Անդրադառնալով հարցին, արդյոք միջազգային հանրությանն իրական մրցակցային պայքար ցույց տալու համար Սերժ Սարգսյանին պետք չէ՞ր Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, Արամ Կարապետյանը պատասխանել է. «Իհարկե, պետք էր, բայց հիմա Գագիկ Ծառուկյանը չի ուզում, հիմա ի՞նչ անենք, հո ստիպողաբար չի՞ դնելու իր թեկնածությունը: Հիմա Սերժ Սարգսյանը մնացել է առանց իրական մրցակցի»:

Արամ Կարապետյանի խոսքով, եթե իսկապես Գագիկ Ծառուկյանը հրաժարվի պայքարից, ապա ստեղծվում է շատ հետաքրքիր մի վիճակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը» անհասկանալի է, թե ինչի է վերածվում:

«Ներկայիս քաղաքական դաշտում գաղափարներն ու հույզերը դրեք մի կողմ: Պետք է պրագմատիկ լինել, որովհետև իշխանությունը հասարակության հետ պրագմատիկ խաղեր է խաղում: Հասարակությունը կարող է տարբեր կերպ արտահայտել իր դեմարշը, այն է` չգնալ ընտրության, բոյկոտել ընտրությունները կամ լիակատար անտարբերություն ցույց տալ»,- ասել է Արամ Կարապետյանը` հավելելով, որ 1905թ. հեղափոխությունը Ռուսաստանում չստացվեց, որից հետո շուրջ 7 տարի հասարակությունը ապատիայի մեջ էր, բայց 1917-ին հեղափոխությունը ստացվեց:

Տեսանյութեր

Լրահոս