
«Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումները կայացել են. պարզ չէ`լսումների մասնակիցները կո՞ղմ են եղել նախագծին, թե՞ ոչ

Ջերմուկում «ԲԻ ԷՍ ԲԻ» ընկերության ներկայացրած «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հասարակական լսումները կայացել են, հավաքված բնակիչները կողմ են եղել փոքր հէկ-ի կառուցմանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «ԲԻ ԷՍ ԲԻ» ընկերության տնօրեն Նինել Ավագյանը: Հիշեցնենք, որ երեկ նախատեսված էին «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հասարակական լսումները:
«ԷկոԼուրի» հաղորդմամբ՝ «ԲԻ ԷՍ ԲԻ» ընկերությունը չէր ներկայացել լսումներին. Երևանից ժամանած «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Կարինե Մովսիսյանը, Եղեգնաձորից ժամանած Վայոց Ձորի մարզի Գյուղատնտեսության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը, Եղեգնաձորի «Օրհուս» կենտրոնի համակարգող Նարեկ Բեգլարյանը, Ջերմուկի քաղաքապետարանի և հասարակայնության ներկայացուցիչները, ըստ «ԷկոԼուրի», մեկնել էին՝ այդպես էլ չքննարկելով նախագիծը:
«Լսումները կայացել են, այլ խոսք է, թե ով է մասնակցել, ով չի մասնակցել: Լսումներին մեր մասնագետը մի փոքր ուշ է հասել ճանապարհների պատճառով: Չեն սպասել, որ գա: Լսումները նշանակված ժամից 30 րոպե ուշ են կայացել: Բնապահպանության նախարարության աշխատակցուհին ևս չի սպասել ու ներկա չի եղել լսումներին»,- ասաց «ԲԻ ԷՍ ԲԻ» ընկերության տնօրեն Նինել Ավագյանը:
Նա նաև նշեց, որ հասարակական լսումների արդյունքում պարզ է դարձել, որ հասարակությունը համաձայն է «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի կառուցմանը:
«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Կարինե Մովսիսյանը ևս նշեց, որ հասարակական լսումները կայացել են: «Մարդիկ հավաքվել են, այնպես չի եղել, որ ընդհանրապես ոչ ոք չի եղել, ոչնչի մասին չի խոսվել: Պատվիրատուն ներկա չի եղել: Անպատասխանատւ պատվիրատու է եղել և ներկա չի գտնվել, ինչ-ինչ պատճառով բացակայել է: Բնականաբար, հավաքված բնակչությանը հուզող հարցերին ոչ մի պատասխանող չի եղել, քանի որ պատվիրատուն չկար: Բնականաբար, բնակչությունը դեմ պետք է լինի ստեղծված իրավիճակին, բողոքի ձևով պետք է արտահայտի իր տեսակետը»,- ասաց Կարինե Մովսիսյանը:
Նա նաև նշեց, որ ինքը չի սպասել «ԲԻ ԷՍ ԲԻ» ընկերության ներկայացուցչին, քանի որ հասարակական լսումները նշանակված են եղել ժամը 12:00-ին, իսկ ընկերության աշխատակիցը լսումների ներկայացել է ժամը 14:30-ին. «Ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ մերժել, որ հետո ընկերության անցկացրած լսումների ժամանակ բնակչությունը կողմ է արտահայտվել նախագծին: Ես այդ լսումներին չեմ մասնակցել»: