Ոտնաթաթի սնկային հիվանդություն

Բուժիչ նամակներ

Ըստ վիճակագրական տվյալների` ոտնաթաթի մաշկի և եղունգների սնկային հիվանդություններ են նկատվում մարդկանց առնվազն 10-25 տոկոսի մոտ։ Նման հիվանդությունները կոչվում են միկոզներ և զգալի անհարմարություն են պատճառում հիվանդներին։ Սնկերի տարածման համար առավել հարմար են տաք եղանակները, երբ ոտնաթաթերը քրտնում են և այտուցվում, կամ առաջանում են կոշտուկներ, քերծվածքներ և այլն։

Սնկերը թափանցում են առաջացած անհարթությունների մեջ և բազմանում խոնավ միջավայրում։ Հասկանալի է, որ սնկային հիվանդությունով վարակվելն ավելի հավանական է ոտնաթաթի բարձր քրտնարտադրության դեպքում։ Երկարատև ազդեցության դեպքում քրտինքը քայքայում է մաշկի պաշտպանիչ շերտը, որի հետևանքով այն դառնում է խոցելի։

Սնկային հիվանդություններն ավելի շատ նկատվում են այն մարդկանց մոտ, որոնք հաճախում են լողավազան, մարզասրահ, սաունա, բաղնիք և այլն։ Միկոզի սկզբնական փուլն ի հայտ է գալիս ոտքերի մատների միջև առաջացող մաշկի թեփոտմամբ և շերտավորմամբ, առաջանում են աննշան ճաքեր։

Օրգանիզմի պաշտպանողական համակարգի` իմունիտետի անդրադարձը սնկերի ազդեցության հանդեպ կարող է առաջացնել ոտնաթաթերի վրա հեղուկով լցված փոքր բշտիկներ։ Այդ հատվածներում առաջանում է մաշկի բորբոքում, ցավ պատճառող ճաքեր, քոր, դժվար ապաքինվող վերքեր։

Նման վնասվածքների վրայից սնկերը տարածվում են եղունգների վրա, որոնք հաստանում են, փոխվում է գույնը և հետզհետե քայքայվում։ Չբուժված միկոզը պայմաններ է ստեղծում այլ կարգի վարակների տարածման համար։
Միկոզը պատկանում է այն հիվանդությունների թվին, որոնք կարելի է հեշտությամբ բուժել, սակայն բուժումն անհամեմատ հեշտ է, եթե այն շատ չի խորացել։

Միկոզը բուժելու համար պետք է կատարել ճիշտ ախտորոշում, չէ՞ որ ժամանակի ընթացքում սնկերը դիմադրողականություն են ձեռք բերել դեղերի դեմ, և գոյություն ունի սնկերի ավելի քան 500 տեսակ։ Ժամանակակից հակասնկային լուծույթները, քսուքները և այլն, ճիշտ նշանակման դեպքում, տալիս են դրական արդյունք։ Կան նաև դեղեր, որոնք նախատեսված են ներքին օգտագործման համար։ Կարևոր է իմանալ, որ միկոզն ունենում է թաքնված ընթացք, որը տեսանելի է միայն մասնագետին, այդ իսկ պատճառով երբեք չի կարելի կիսատ թողնել բուժումը, քանի որ նման հիվանդը կարող է վարակել այն մարդկանց, որոնց հետ շփվում է։

Միկոզի տարածման համար բարենպաստ պայմաններ են ստեղծում հետևյալ հիվանդությունները` վարիկոզ, հիպերտոնիա, շաքարային դիաբետ, քանի որ այդ դեպքում վատանում է հյուսվածքների սնուցումը և խաթարվում ճարպագեղձերի արտադրողական ֆունցիան, արդյունքում կրճատվում է մաշկի ինքնապաշտպանական հատկությունը։

Լոգանքներ

  •   20 գ ծիծեռնախոտի տերևները 30 րոպե թրմեք 2 լ եռջրի մեջ։ Քամեք։ Խառնեք լոգանքի ջրին, տևողությունը` 20 րոպե։ Շարունակեք 7-14 օր։
  • Լուծեք 2 ճ/գ աղը 500 մլ տաք ջրում, տևողությունը` 5-10 րոպե։ Լավագույն կանխարգելիչ միջոցներից մեկն է։
  • Մանրացրեք և խառնեք 5-ական թ/գ հասմիկի թարմ տերև և ծաղիկ, 45 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա 500 մլ ջրում, քամեք։ Չորացրեք ոտնաթաթերը և մշակեք հակասնկային քսուքով։

Դաղձի աղային լուծույթ. Աղացեք 100 գ դաղձի թարմ տերևներ, խյուսի մեջ լուծեք 1 թ/գ աղ։ Քսեք ոտքի մատների միջնամասին, պահեք 1 ժամ (կամ դրեք հյութով թրջոց)։

  • Սոխի քերուկը դրեք վնասված մաշկին, ծածկեք կալկայով, վրայից գուլպա հագեք, պահեք 3 ժամ։ Կատարեք օրը մեջ։ Ընդամենը` 3 շաբաթ։

Ոգեթուրմեր

  • 3-4 տարեկան նարգիզի կոճղարմատի քերուկի վրա լցրեք 500 մլ օղի։ Թրմեք 1 շաբաթ մութ տեղում։ Ընթացքում պարբերաբար թափահարեք։ Քսեք հիվանդ մասին։ Ոգեթուրմը նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար։
  • Խառնեք 20-ական գրամ փոշիացրած կեչու և բարդու չոր բողբոջները, 7 օր թրմեք 400 մլ օղու մեջ, քամեք։ Քսեք հիվանդ մասին։
  •   20 գ կեչու թարմ բողբոջը և տերևը 14 օր թրմեք 200 մլ սպիրտի մեջ, մութ տեղում, պարբերաբար թափահարեք, քամեք։ Քնելուց առաջ քսեք հիվանդ մասին։

Միաժամանակ խմեք կեչու թուրմ.

  • 1 թ/գ կեչու տերևը 1 ժամ թրմեք 200 մլ եռման ջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։

Եղունգների սնկեր. Տրորեք ձեռքով ակնամոմի փոքր կտոր, մինչև փափկի։ Դրեք վնասված եղունգին, ամրացրեք սպեղանիով։ Պահեք 1 շաբաթ և դրեք նորը։

  •   Յոդի 5 տոկոսանոց սպիրտային լուծույթը խառնեք 9 տոկոսանոց խնձորի քացախի հետ` հավասար քաշային հարաբերությամբ։ Առավոտյան և երեկոյան մշակեք եղունգները։
  •   Օրը 2 անգամ մշակեք եղունգները կիտրոնի հյութով։ Հագեք հակասնկային գուլպաներ, որոնք կան արտադրության մեջ և վաճառվում են դեղատներում։
  • Խառնեք հավասար քանակի սխտորի հյութ և խնձորի քացախ։ Մշակեք եղունգները օրը 1-2 անգամ։
  • Սխտորի քերուկը նպաստում է եղունգի աճին։ Քսեք եղունգին և վիրակապեք քառատակ ծալած թանզիֆով քնելուց առաջ։ Նման բուժումն արդյունավետ է, սակայն նախնական փուլում կարող է ցավ պատճառել։
  • Տրորեք արոսենու թարմ տերևը, դրեք եղունգի վրա և վիրակապեք։ Կատարեք քնելուց առաջ։
  •   20-30 գ թելուկի թարմ խոտը 30 րոպե եփեք թույլ կրակի վրա, փակ կափարիչով 200 մլ ջրի մեջ։ Դրեք թրջոց, ծածկեք թաղանթով և վիրակապեք։

Քոր. Մշակեք մաշկը 9 տոկոսանոց խնձորի քացախի ջրային լուծույթով (1։1)։

Տեսանյութեր

Լրահոս