Պետական դավաճանության վերաբերյալ գործով բողոքներ են ներկայացվել Վճռաբեկ դատարան
Մեկ ընդհանուր գործի շրջանակներում պետական դավաճանության մեջ մեղադրվող ամբաստանյալներ Կարեն Մեհրաբյանը, Ռոմիկ Մաթևոսյանը, Կարեն Պետրոսյանը և Աշոտ Չտրկյանը դիմել են ՀՀ Վճռաբեկ դատարան: Այդ մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել են Դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից: Դեռևս գործը վարույթ ընդունել-չընդունելու որոշում չի կայացվել:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապրիլի 6-ի դատավճռով ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պետական դավաճանություն, ներկայացված մեղադրանքում և դատապարտել 14 տարվա ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ: Ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը նույնպես մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 10 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանը մեղավոր էր ճանաչվել պետական դավաճանությանը օժանդակելու մեջ և դատապարտվել 10 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման: Ամբաստանյալներ Կարեն Պետրոսյանն ու Արթուր Ավետիքյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հանցագործության մասին չհայտնելը, և դատապարտվել մեկուկես տարվա ազատազրկման։ Ամբաստանյալ Դավիթ Ավետիքյանը նույնպես մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ և դատավորներ Մհեր Արղամանյանի և Գրիշա Մելիք-Սարգսյանի մասնակցությամբ, առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել էր անփոփոխ և մերժել վերաքննիչ բողոքները: Դրանցում ամբաստանյալները միջնորդում էին բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ դատավճիռը՝ կարճել գործի վարույթը կամ ամբողջությամբ բեկանել դատական ակտը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ: