«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Արցախի ժողովրդին
«1991թ. դեկտեմբերին, երբեմնի Խորհրդային Միության մայրամուտը ազդարարած Բելովեժյան համաձայնագրերի կնքումից երկու օր անց և ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1922-ի «Խորհրդային Միության հիմնադրման պայմանագիրը» լուծարելուց երկու օր առաջ, ԽՍՀՄ մի ինքնավարությունում` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեց անկախության հանրաքվե:
Ավելի վաղ, քան խորհրդային լիիրավ հանրապետություններից շատերը «Ալմա-Աթայի արձանագրությամբ» (21.12.1991թ.) կհայտարարեին ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նույնն ամրագրեց հանրաքվեի արդյունքով` 1991թ. դեկտեմբերի 10-ին:
Այնուհետ այդ ժողովրդին վիճակվեց պատերազմում պաշտպանել իր անկախությունը և, թեկուզև աշխարհի կողմից չճանաչված, կերտել սեփական պետությունը` 15 տարի անց նույն օրը ընդունելով ԼՂՀ հիմնական օրենքը:
Շնորհավորելով Արցախի ժողովրդին անկախության ընթացքի հանգուցային հանգրվաններից մեկի` պետական անկախության հանրաքվեի օրվա առթիվ` մաղթում ենք, որ ամենքիս ջանքերով օր առաջ գա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայաստանյան և միջազգային ճանաչման օրը` բերելով Արցախի հայությանը արժանի խաղաղություն, բարեկեցություն և հզորություն»:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն