Բաժիններ՝

Ռուսաստանը ցանկանում է ինտերնետը խլել ԱՄՆ-ից

Դուբայում տեղի է ունենում միջազգային էլեկտրոնային կապի համաշխարհային կոնֆերանսը, որի մասնակից 178 երկրները պատրաստվում են փոխել ինտերնետի աշխատանքի սկզբունքները։ Կոնֆերանսի առաջին շաբաթը նշանավորվեց մասնակից-երկրների լուրջ տարաձայնություններով։

Նշենք, որ այսօր ինտերնետի տեխնիկական կարգավորումը պաշտոնապես իրականացվում է ոչ կառավարական և շահույթ չհետապնդող ICAN (Internet Corporation for Assigned Names) կազմակերպության կողմից, որը հիմնադրվել է ԱՄՆ Հեռահաղորդակցության և տեղեկատվության ազգային վարչության կողմից։ Այս պատճառով էլ որոշ երկրներ համարում են, որ անհրաժեշտ է Սպիտակ տանը զրկել ինտերնետի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունքից։ Բացի այդ, DNS-սերվերների մեծ մասը, որոնցից կախված է համաշխարհային ցանցի աշխատանքը, նույնպես գտնվում է ԱՄՆ-ում։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ նաև Ռուսաստանը և Չինաստանը, հանդես են եկել  առաջարկությամբ՝ ինտերնետի նկատմամբ վերահսկողությունը փոխանցել միջազգային կազմակերպությանը՝ ՄԱԿ-ին հաշվետու Հեռահաղորդակցության միջազգային միությանը ( (International Telecommunication Union, ITU)։

Ռուսաստանի առաջարկներին հավանություն են տալիս Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Ալժիրը, Սուդանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Արևմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, համաձայնագրի փոփոխությանը դեմ են։ Ռուսները մասնավորապես առաջարկում էին առանձին երկրներին ինտերնետի կառավարման հնարավորություն տալ։ Մասնավորապես՝ IP-հասցեների տրամադրման և հետկանչման իրավունք։ Դա թույլ կտա առանձին երկրներին՝ իրենց տարածքում արգելափակել մուտքն անցանկալի կայքեր։
«The Washington Post»-ը, հղում անելով իր անանուն աղբյուրներին, նշում է, որ շատերը լուրջ մտավախություններ ունեն՝ կապված ինտերնետի մասշտաբային արգելափակումների հնարավորության հետ։ Առանձին երկրների կողմից նման գործողությունները կարող են հանգեցնել փակ ցանցային տիրույթների ձևավորման, որոնք լրիվ կամ մասնակի կտրված կլինեն համաշխարհային ցանցից։

Սակայն մասնագետները քիչ հավանական են համարում, որ Ռուսաստանին կհաջողվի փոխել խաղի կանոնները։ Կոնֆերանսում ցանկացած որոշում պետք է ընդունվի միաձայն, և, եթե թեկուզ մի երկիր դեմ լինի նախաձեռնությանը, ապա այն չի ընդունվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս