Հայաստանի տաղանդը. Չեմպիոնների լիգայի ամսագրի անդրադարձը Մխիթարյանին
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պաշտոնական ամսագիրը հոդված է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Ձեզ ենք ներկայացնում հոդվածի կրճատ տարբերակը, իսկ ավելի մանրամասն ռուսերենով այն կարող եք գտնել «հանքափորների» պաշտոնական կայքում:
«Մխիթարյանը, ով 2011/2012 մրցաշրջանում ճանաչվել էր «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ, այս մրցաշրջանում էլ ավելի լավ է հանդես գալիս: Չնայած Մխիթարյանը միայն հունվարին է 24 տարեկան դառնում, սակայն նրան արդեն առանց կասկածի ճանաչում են որպես ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Երիտասարդ տաղանդն արդեն իր տեղն ունի Նիկիտա Սիմոնյանի, Էդուարդ Մարկարովի և Խորեն Հովհաննիսյանի կողքին փառքի սրահում:
Մխիթարյանը հատկապես հաջող սկսեց խաղալ Ժադսոնի դիրքում, ով լքեց թիմն ու մեկնեց Բրազիլիա: Մխիթարյանի առանձհատկություններից մեկն էլ տարբեր տեսակի գոլեր խփելու ունակությունն է: Հիանալի իրացում, հետ չմղվող հարվածներ տուգանային հրապարակից դուրս, արագ հակագրոհներ, որոնցից ֆուտբոլիստը հաղթող է դուրս գալիս, շրջանցում է պաշտպանին, պտտվում 360 աստիճան և գրավում դարպասը. այս ամենը կա Մխիթարյանի զինանոցում: Նա երբեք չի բավարարվում ձեռք բերածով»,-նշված է ՈւԵՖԱ-ի պատրաստած հոդվածում:
Այնուհետև անդրադարձ է կատարվում Մխիթարյանի մանկությանը, ծնողներին, անցած ուղուն:
«Ինձ ոգեշնչում է Զինեդին Զիդանի խաղը, այն ամենը, ինչ նա անում էր խաղադաշտում: Նա ինձ համար հրաշագործ էր»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերվում հոդվածում:
Մխիթարյանը հոդվածի վերջում նաև ջերմ խոսքեր է ասում թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի հասցեին
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը