ԱՄՆ կոնգրեսականները` հօգուտ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման

Սպիտակ տանը ԼՂՀ անկախության հռչակման կապակցությամբ կազմակերպված երեկոյի ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունը, Ադամ Շիֆը. Դեյվիդ Չիչիլինը, Էլիոթ Էնջլը և Ջեկի Շպեյերը խոսել են Ղարաբաղի ժողովրդի ազատությունը և անկախությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին:

Իսկ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանն «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է. «Ստալինի կողմից կամայականորեն որոշված սահմաններն արտահայտում են անարդարության այն աստիճանը, որը այդքան բնորոշ էր նրան:

Պետք է հասնել նրան, որ ժամանակակից սահմանները ապահովեն ազատություն Կովկասի ժողովուրդներին»: Խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման մասին՝ Շերմանն ասել է, որ ԱՄՆ-ը ներկայացնող պաշտոնական անձինք պետք է հնարավորություն ունենան օգտվել օդանավակայանի ծառայություններից:

«Չեմ տեսնում որևէ օրինական պատճառ, որի պատճառով այդ տարածքում չպետք է օդանավակայան լինի: Այո, Բաքուն չի տվել շինարարության համար համաձայնություն, բայց ինչո՞ւ Ադրբեջանը հանդես չի գալիս Արցախում կատարվող այլ շինարարական աշխատանքների դեմ»,- ասել է Շերմանը:

Մեկ այլ ամերիկացի կոնգրեսական՝ Ադամ Շիֆը, նույնպես ասել է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ունենալ օդանավակայան, որը Ղարաբաղին կօգնի հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ և զարգացնել իր տնտեսությունը:
Ամերիկացի կոնգրեսականների ընդգծված դրական  վերաբերմունքը Ստեփանակերտի օդանավակայանի նկատմամբ պատահական չէ:

Ռուսական մամուլում արդեն տևական ժամանակ շրջանառվում է մի մոտեցում, ըստ որի՝ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է հենց ամերիկացիների համար, ավելի ճիշտ` ամերիկյան զինվորականության համար:

Ռուսական վերլուծաբանները և փորձագետները կարծիք են հայտնում, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ժամկետների անընդհատ հետաձգումները պայմանավորված են այն հանգամանքով, որ այն երբևէ չի վերակառուցվել՝ որպես քաղաքացիական օդանավակայան, և հենց այդ պատճառով չի կարող ծառայել քաղաքացիական նպատակների համար:

Որպես հիմնավորում՝ նրանք նշում են այն փաստը, որ Ստեփանակերտ-Երևան օդային չվերթերի իրականացումը չի կարող եկամտաբեր լինել, իսկ այլ երկրների հետ կանոնավոր թռիչքներ ապահովելու համար հնարավոր չի լինի ստանալ համապատասխան համաձայնություն և ապահովել բավարար ուղևորահոսք:

Մինչդեռ Ստեփանակերտի օդանավակայանը, ըստ ռուսական այդ վարկածի, կարող է օգտագործվել ԱՄՆ զինվորականության կողմից՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների իրականացման դեպքում: Ռուս փորձագետները համոզված են, որ Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի աշխատել միայն այն ժամանակ, երբ առաջանա դրա ռազմական անհրաժեշտությունը, և այդ ժամանակ Ադրբեջանի իշխանություններն իսկապես չեն կարողանա իրականացնել իրենց կողմից հնչեցվող սպառնալիքները` հարվածել Ստեփանակերտի օդանավակայանից թռչող և վայէջք կատարող ինքնաթիռներին:

Տեսանյութեր

Լրահոս