«Դեպրեսիաների հողի վրա մարդկանց «վերբովկա» են անում»
«Մեկ ազգ դաշինքի» համանախագաh Գոռ Թամազյանն այսօր ասուլիսում հայտարարեց, թե կրոնական կազմակերպությունները մի քանի պատճառներով Հայաստանում ավելի ազդեցիկ են դառնում. «Կա բարոյահոգեբանական ճգնաժամ, դեպրեսիաների հողի վրա այդ մարդկանց կարողանում են, ըստ էության, «վերբովկա» անեն: Երկրորդ՝ կա սոցիալական ճգնաժամ, որ նյութական հողի վրա են իրենց գայթակղում, բերում իրանց դաշտ»:
«Մենք պատերազմող երկիր ենք, իսկ պատերազմող երկրի թիկունքում այսօր, եթե լավ շոշափենք իրականությունը, կհասկանանք, որ կան չափազանց շատ գործոններ՝ լինեն դրանք քաղաքակա՞ն, թե՞ կրոնական ուղղվածության կազմակերպություններ, որոնք մեր հանրության գիտակցության մեջ ապազգային, հակաքաղաքացիական գաղափարներ են սերմանում: Դրանցից մեկը «Եհովայի վկա» կազմակերպությունն է: Եթե հարաբերենք իր բովանդակությունը, գաղափարական իսկությունը մյուս կրոնական կազմակերպությունների հետ, ես կասեի՝ դա ավելի տոտալիտար աղանդ է, քանի որ իր մեջ պարունակում է հակաքաղաքացիական, ապազգային, հակահայրենասիրական մոտեցումներ»,- ասաց Գոռ Թամազյանը:
Ըստ նրա`այժմ դասալիքները կարողանում են նույնիսկ մեր պետությանը դատի տալ, պահանջել ինչ-որ դրամական հատուցում: «Բնականաբար, Եհովայի վկաները քաջ գիտակցում են, որ միջազգային կառույցները, որոնք մասնավորապես գտնվում են ԱՄՆ պետության հովանավորության ներքո, պետք է պաշտպանեն իրենց: Իրենք միշտ հույսները դնում են միջազգային կառույցների վրա: Միջազգային կառույցները մարդու իրավունքների լոզունգի ներքո մեր հայրենիքում խրախուսում են այդ աղանդավորական շարժումները: Այդտեղ թաքնված է արևմտյան գերտերությունների 5-րդ զորասյունը»,- ասաց Գոռ Թամազյանը:
Ըստ նրա` «Եհովայի վկա» կազմակերպության գաղափարախոսությունը հակաքաղաքացիական է: Վերջինիս կարծիքով՝ 2004-ին Հայաստանը չպետք է «Եհովայի վկա» կազմակերպությանը «պետական կարգավիճակ» տար:
Ըստ Գոռ Թամազյանի` հայ բնակիչը տուրք է տալիս այդ գաղափարներին. «Ցանկացած գաղափար ծնվում ու վախճանվում է ըստ պահանջարկի: Եթե պահանջարկ չլիներ հայ հանրության մի մասի մեջ, բնականաբար, «Եհովայի վկա» կազմակերպությունն իր գաղափարախոսությամբ չէր ամրապնդվի մեր հայրենիքի թիկունքում: Հայ հանրությունը կարող է հստակ պահանջ ներկայացնել պետական մարմնին, որ վերանայի այլընտրանքային ծառայության մոտեցումը, այսինքն`եթե մենք բոլորս քաղաքացիներ ենք, իրենք իրանց երևակայում են ինչ-որ բարձր կարգի ռասա: Պատերազմի ժամանակ, խաղաղ ժամանակ մենք պետք է մեր հայրենիքը պաշտպանենք, իրանք միայն օգտվողի դերում լինեն:
Նրանք արդեն սովորել են, որ ոչինչ չպետք է տան հայոց պետությանը, բայց պետք է վերցնեն: Ոչ մի զարմանալի բան չկա, որ միջազգային կառույցներն իրենց դատապաշտպաններով հովանավորում են Եհովայի վկաներին: «Եհովայի վկա» կազմակերպության երեց կոչեցյալները միանշանակ ուղղորդվում են Նյու Յորքից: Նրանք իրենց բուկլետներում գրել են, որ, ըստ էության, իրենց մայր կենտրոնն ամբողջ աշխարհում Նյու Յորքն է, իսկ ԱՊՀ-ում` Պետերբուրգը, այսինքն` նրանք դրսից ֆինանսապես, քաղաքականապես հովանավորվող կազմակերպություններ են»:
«Մեկ ազգ դաշինքի» համանախագաhի խոսքով՝ Եհովայի վկաների գաղափարախոսությունը նաև անմարդկային է. «Դա շատ պրիմիտիվ գաղափարախոսություն է, որը ժխտում է և ինքնապաշտպանության սկզբունքը: Շատ է եղել, որ ես հարց եմ տվել քարոզիչներին, որոնք արական սեռի ներկայացուցիչներ են. եթե ձեր կնոջը բռնաբարի թուրքը, ի՞նչ միջամտություն կլինի, ինքը պատասխանում էր, որ Եհովան, ըստ էության, կմիջամտի, այսինքն`սա, իմ կարծիքով`եղջերակիր մտածելակերպ է: Մի ժամանակ՝ մինչև գրանցվելն, իրենք ասում էին, որ իրենք 20.000 անդամ ունեն, հետո, երբ որ հասկացան, որ պետք չի իրական թվեր ասել՝ կապված հարկային դաշտի հետ, կապված նրա հետ, որ զգոնությունն էլ ավելի կուժեղանա հայ հասարակության մեջ, իրենք թվերը կտրուկ իջեցրեցին, դարձան 3000, 5000, 7000»:
Ըստ Գոռ Թամազյանի`պետք է բեկանվի «այլընտրանքային ծառայությունը», քանի որ, նրա գնահատմամբ` դա ռազմավարական սխալ է: