Լևոն Տեր-Պետրոսյանի անեծքը (Մատյան ողբերգության)

Այսպիսով, ամենայն հավանականությամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, ինչի մասին կհայտարարվի առաջիկա օրերին:

Կառաջադրվե՞ն այլ թեկնածուներ, թե՞ ոչ, արդեն քիչ կարևոր է: Այլևս կարելի է արձանագրել, որ նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը լինելու է Գագիկ Ծառուկյանը: Թե ինչպե՞ս կընթանան ընտրությունները, ի՞նչ հարցերի շուրջ կծավալվի  նախընտրական բանավեճը, կողմերից ո՞վ՝ ո՞ր ասպարեզում առավելություն կստանա նախընտրական պայքարում, նույնպես կարևոր չէ:

Հնարավոր է` Գագիկ Ծառուկյանը ներկայացնի Հայաստանի փրկության ծրագիր, հնարավոր է՝ անգամ կարողանա շարադրել այդ ծրագրի բոլոր դրույթները: Բայց դա ևս կարևոր չէ: Քանի որ այս ընտրություններում, դեռևս նախընտրական արշավը չմեկնարկած` արդեն կա ուժերի հավասարակշռության խախտում, ինչն առավել ակնհայտ է դառնում 2008 թվականի ընտրությունների համեմատությամբ: 2013 թվականի ընտրություններում իշխանության և ոչ իշխանական թեկնածուների միջև խախտված է քաղաքակրթական հավասարակշռությունը:

2008 թվականին քաղաքակրթական, արժեքային առավելությունը անառարկելիորեն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմն էր, Լևոն Տեր-Պետրոսյանն էր քաղաքական գործընթացի ուղղորդողը: Սերժ Սարգսյանը՝ քաղաքակրթական առումով, նրա հետ մրցակցելու անգամ փորձ չէր կարող անել: Բայց նույն Լևոն Տեր-Պետրոսյանը` իր քաղաքագիտական վերլուծություններով, մեղմասացություններով, հռետորաբանությամբ ու լռությամբ, Սերժ Սարգսյանին նվիրեց այդ քաղաքակրթական, արժեքային առավելությունը: Չարյաց փոքրագույնի հաղթաթուղթը… Նախագահի ընտրությունը, բացի գիտակցական ընտրությունից, ունի նաև հոգեբանական, ենթագիտակցական շերտ:

Կարդացեք նաև

Ընտրելով նախագահի որևէ թեկնածուի, մարդն իրեն նույնականացնում` իդենտիֆիկացնում է այդ թեկնածուի արժեքների, աշխարհընկալման, մտածողության, խոսքի, տեսակի հետ: 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն իրականում հաղթեց ընտրություններում հենց այդ պատճառով` հասարակությունը ցանկացավ իրեն նույնականացնել գիտնական, մտավորական, իմաստուն քաղաքական գործչի հետ: Չիմանալով ու չկանխատեսելով, որ այդ նույն գործչի գործունեության արդյունքում  իշխանափոխության համար հինգհազարամյա մշակույթ ունեցող հայ ժողովուրդը ստիպված է լինելու իրեն նույնականացնել Գագիկ Ծառուկյանի հետ:

Ռոբերտ Տեր-Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս