
Apple-ը ԱՄՆ-ում արտադրություն կազմակերպելու համար կծախսի 100 մլն դոլար

Apple ընկերությունը կծախսի 100 մլն դոլար, որպեսզի Չինաստանում գտնվող իր արտադրության ոչ մեծ մասը տեղափոխի ԱՄՆ: Այս մասին հայտնում է «The Financial Times»-ը՝ հղում անելով Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքին, ում խոսքով՝ արդեն 2013թ. ԱՄՆ-ում կսկսվի Mac համակարգիչնեի արտադրությունը:
Նշենք, որ վերջին տասնամյակում Apple ընկերության ամբողջ արտադրությունը կենտրոնացած էր Չինաստանում, չնայած այն հանգամանքին, որ ապրանքների դիզայնը մշակվում էր ԱՄՆ-ում:
Այդուամենայնիվ, համակարգիչների, պլանշետների և սմարթֆոնների արտադրությունը ԱՄՆ-ում կազմակերպելն այդքան էլ շահավետ չէր, քանի որ Չինաստանի հարկային համակարգն ավելի գրավիչ էր արտադրություն կազմակերպելու տեսանկյունից, բացի այդ՝ Չինաստանում էժան է նաև աշխատուժը:
Լուրերը, թե Apple-ը մտադիր է իր արտադրության ոչ մեծ մասը տեղափոխել Չինաստան, շրջանառվում էին դեռևս մի քանի շաբաթ առաջ, ինչի արդյունքում ընկերության բաժնետոմսերի գները նվազել են, քանի որ, ըստ փորձագետների՝ ԱՄՆ-ում արտադրության կազմակերպումը կարող է բերել ընկերության եկամուտների նվազման: