Բաժիններ՝

Պայքարը ներսի՞ց, թե դրսի՞ց

Պարզվում է՝ Հայաստանի իշխանությունները բացի ներքաղաքական ռիսկերի դեմ պայքարելուց, պայքարում են նաև աշխարհաքաղաքական ռիսկերի դեմ։ Ավելի ճիշտ՝ ծրագրեր են իրականացնում աշխարհաքաղաքական բացասական ռիսկերի ազդեցությունը չեզոքացնելու համար։ Եվ հենց դա է ՀՀ իշխանությունների գերխնդիրը։

Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ այսօր Ֆրանկֆուրտում ելույթ ունենալով գերմանական «Commerzbank»-ում կազմակերպված հայ-գերմանական գործարար համաժողովին։

«Միջազգային վարկանիշային գործակալությունները՝ Ֆիչը և Մուդիսը, համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա ներկայացնելով Հայաստանն իրենց վերլուծություններում, նշում են մեր երկրի համար առկա աշխարհաքաղաքական ռիսկերը: Մենք պետք է ավելի մեծ բարեփոխումների ծրագրեր իրականացնենք, որպեսզի կարողանանք չեզոքացնել այդ աշխարհաքաղաքական բացասական ռիսկերի ազդեցությունը: Մեր կառավարությունը և քաղաքական թիմը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստանձնել է հենց այդպիսի հանձնառություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Փաստորեն, եթե մինչ այդ կարող էր թվալ, որ ՀՀ պետական մեքենան իր ողջ ռեսուրսները ներդրել է ներքաղաքական պայքարի վրա, և գլխավոր հանձնառությունն էլ ԲՀԿ-ին հնազանդեցնելն է, ապա դա թյուրիմացություն է. իշխանություններն ունեն գլոբալ նպատակներ և անսպառ ռեսուրսներ։

Ի դեպ, համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետը հասցրել է խոսել ՀՀ տնտեսական քաղաքականության արձանագրած հաջողությունների մասին՝ ճգնաժամի ժամանակ անցնցում մնացած տնտեսություն՝ բարվոք մակրոտնտեսական իրավիճակով, ամուր և լավ զարգացած բանկային համակարգ: զարգացած բանկային համակարգ, զարգացող ապահովագրական շուկա, երդրումների խրախուսման նպատակաուղղված քաղաքականություն, արտահանմանը միտված արդյունաբերության զարգացման ռազմավարություն, պետության աջակցությամբ ստեղծվող գիտահետազոտական լաբորատորիաներ և այլ ենթակառույցներ՝ գործող և նոր ստեղծվող բիզնեսների համար: Տ. Սարգսյանը խոսել է նաև կառավարության գործադրած ջանքերի առաջին պտուղների մասին՝ առաջին հերթին արդյունաբերության երկնիշ աճի մասին։

Կարճ ասած, գերմանացիները պետք է որ ահագին զարմացած և հիացած լինեն՝ աշխարհաքաղաքական և ներքաղաքական ռիսկերի պայմաններում այսպիսի արդյունքներ ապահովող կառավարության և քաղաքական թիմի ունակություններով։ Այդ մասին, սակայն, կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս