Սեյրան Օհանյանը պատասխանել է Գագիկ Ջհանգիրյանին (տեսանյութ)

Այսօր Գյումրիում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան՝ պատասխանելով  galatv.am-ի հարցին, թե ինչո՞ւ են Ձեզ մեղադրում «Մատաղիսի գործումի իրական հանցագործին հովանավորելու, թաքցնելու մեջ, ո՞վ է «Մատաղիսի գործում» Իվան Գրիգորյանը, ում համար Դուք ժամանակին միջնորդագիր եք ներկայացրել ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որպեսզի մեղմ վարվեն, ասել է.

««Մատաղիսի գործով» ողջ գործընթացը գտնվում է ՀՀ դատախազության և զինվորական դատախազության վերահսկողության ներքո, և այն մեղադրանքները, որոնք հնչում են զորամասերի հրամանատարության և անձամբ իմ նկատմամբ, դրանք, կարծում եմ, որ անտեղի են, որովհետև մենք յուրաքանչյուր պատահարի դեպքում անց ենք կացնում ծառայողական քննություն և ծառայողական քննությամբ նախատեսում ենք համապատասխան պատժամիջոցներ՝ համապատասխան կարգապահական կանոնադրության: Եվ այդ պատժամիջոցները կիրառվում են:

Եթե ինչ-որ տեղ էլ փաստաթուղթ է ուղարկվում մեր կողմից, ապա դա երբևիցե չի խանգարում այն քրեական ողջ գործընթացին, որն իրականացնում են մեր դատախազությունը և դատավորները:

Ադմինիստրատիվ կերպով իրականացվող միջոցառումները թե՛ պատժելու, թե՛ մեղմ վերաբերվելու, երբևիցե չեն ազդում քրեական գործընթացի վրա: Եթե այդ մարդիկ անցնում են քրեական գործընթացով, և պետք է նրանց նկատմամբ քրեական գործ հարուցվի և պատիժ ստանան, ապա դա պետք է իրականացվի:

Ինչ վերաբերվում է Իվան Գրիգորյանին, ապա նա եղել է գումարտակի հրամանատար` պատերազմով անցած, և այդ պահին, երբ ես միջնորդագիր եմ ներկայացրել պարոն Ջհանգիրյանին, գործընթացն այն ուղով է ընթացել, որ ինքը մեղք չի ունեցել: Եթե այսօր երբևիցե մեկը մեղք ունի, թող պատժվի օրենքի ամբողջ խստությամբ»:

Հարցին, թե՝ գրության բովանդակությունում Դուք խնդրե՞լ եք նրա հետ մեղմ վարվել, նշե՞լ եք, թե նա իր մեղքը գիտակցում է և զղջացել է, և եթե Իվան Գրիգորյանը չկա այդ գործում, ուրեմն ի՞նչ մեղքի մասին եք հիշատակել, ինչի՞ համար է նա զղջացել, Սեյրան Օհանյանը պատասխանել է.

«Գրության բովանդակության մեջ կա, որ ինքը զղջացել է, որ իր ստորաբաժանման մեջ տեղի է ունեցել այդ պատահարը և երևի իր վերահսկողության ցածր մակարդակի պատճառով է տեղի ունեցել: Մնացածը՝ քրեական գործը, ընթացքի մեջ է, և մեղավորները բոլորն էլ թող պատժվեն»:

Տեսանյութեր

Լրահոս