«Դա այդ գերտերությունների խնդիրն է»
168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությանը, թե ԱՄՆ-ն մտադիր է հակազդել Ռուսաստանին` տնտեսական ինտեգրացիայի հնարքով Խորհրդային Միության նոր տարբերակ ստեղծելու փորձին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց, որ «դա այդ գերտերությունների խնդիրն է և հարցը պետք է թողնել իրենց հարթության մեջ»:
Հովհաննես Աահակյանի խոսքով, Հայաստանի խնդիրը պետք է լինի նմանատիիպ կառույցին անդամակցելու հանգամանքն իր սեփական շահերի համար օգտագործելը, ինչին և ուղված է ՀՀ արտաքին քաղաքականությունը:
«Եվրասիական միության մոդելն ազատ տնտեսական առևտրային գործունեություն կարող է ապահովել: Իսկ թե որքանո՞վ այն օգտակար կլինի Հայաստանի համար՝ ցույց կտա հետագան: Եթե ԱՄՆ-ն Եվրասիական միութունը կնմանեցնի Խորհրդային միությանը, դա իրենց հարթության մեջ է, իրենց խնդիրն է»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Մեր հարցին, թե արդյոք նման հայտարարությունից հետո շարունակո՞ւմ եք այս երկու միությունները դիտարկել որպես փոխլրացնող, ինչպես վերջերս հայտարարել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.
«Իհարկե, այս գործընթացները կարող են փոխլրացնել միմյանց: Եթե մենք ճիշտ քաղաքականություն տանենք, երկու միություններն էլ կլրացնեն իրար: Այսինքն՝ մենք պետք է նայենք, որ եթե եվրոինտեգրման մեջ կա մեզ համար օգտակար մթնոլորտ, օրինակ, ազատ և համապարփակ առևտրի համաձայնագրի շրջանակներում մենք կավելացնենք առևտրաշրջանառությունը, ապա մենք պատրաստ ենք ԵՄ ինտեգրմանը: Եթե, Եվրասիական միության գործընթացին միանալով, կրկին կբարելավենք տնտեսությունը, կստեղծենք պայմաններ դրա արագ տեմպերով զարգացման համար, մենք պատրաստ ենք Եվրասիական միության ինտեգրմանը»: