Պայքարի են դուրս գալիս նաև եզդի աղջիկները
Ինչպես հայտնի է՝ եզդի աղջիկներն ու կանայք զրկված են եղել հասարակական որևէ լուրջ գործունեություն ծավալելու, լայն զանգվածների առջև իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից: Սակայն, երբ որոշվեց եզդի աղջիկների ամուսնական տարիքը դարձնել 17 տարեկանը, եզդի հասարակության շրջանում բուռն քննարկումներ, շարժումներ, ազգամիջյան բախումներ սկսվեցին:
Եվ այսօր արդեն եզդի երիտասարդները պայքարում են իրենց ձայնը, տեղն ու դիրքն ամրապնդելու համար: Եզդի ուսանողուհիները համախմբվել են «Progress» ուսանողուհիների շարժման շուրջ: Նրանք պնդում են, որ իրենք էլ կարող են իրենց ազգի համար պիտանի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ լինել:
«Շարժումը նորաստեղծ է, մեր նպատակն է՝ հասարակական տարբեր միջոցառումներում լսելի դարձնել եզդի կանանց և հատկապես ուսանողուհիների ձայնը»,- մեզ հետ զրույցում ասաց «Progress» շարժման անդամ Բելա Թամոյանը:
Նշենք նաև, որ հայաստանաբնակ եզդի համայնքի երիտասարդ ներկայացուցիչները, օգտագործելով համացանցի ընձեռած հնարավորությունները, հասարակությանն են ներկայացնում տարիներ շարունակ հայի անվան տակ ներկայացող եզդի քաղաքացիներին՝ երգիչ Էրվին Ամիրյանին, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին, «մարտեր առանց կանոնների» մարզաձևի աշխարհի չեմպիոն Ամար Սուլոևին, և այլոց: